ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քննություն է տարվում՝ պարզելու Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակչի անհետ կորչելու հանգամանքները։
«Հուլիսի 29-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակչուհին դիմել է ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Նա հայտնել է, որ հուլիսի 15-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, իր որդին ՝ ծնված 1978թ., տանից դուրս է եկել աշխատանքի գնալու նպատակով և չի վերադարձել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ Նոյեմբերյանի 42-ամյա բնակիչը, ԱՁ-ին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ապրանքներ առաքելու նպատակով մեկնել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ուղղությամբ։ Հաջորդ օրը նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Քարակոպ գյուղի տարածքում, իսկ 42-ամյա տղամարդը մինչ օրս չի հայտնաբերվել։
Դեպքի առթիվ 2020թ. օգոստոսի 10-ին ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն: