Անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին նախատեսվում է երկարաձգել
Advertisement 1000 x 90

Անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին նախատեսվում է երկարաձգել

Կառավարության նիստի օրակարգում այսօր չզեկուցվող նախագծերի շարքում ընդգրկված էին «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծերը:

Օրինագծերով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:

Նախագծի հիմնավորմամբ նշվում է, որ 2017 թ. հունվարի 1-ին ավարտվել է ՀՀ-ին կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը: Հայտարարվել է նոր մրցույթ՝ ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար։

Մինչ մրցույթի ավարտը քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու և նրանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու համար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում 2019թ-ի ապրիլի 23-ին կատարվել էին փոփոխություններ, որոնց արդյունքում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռնվել մինչև 2021թ-ի հունվարի 1-ը, կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերից բացի, ստանալ նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագիրը:

Նախագծի հիմնավորումներում նաև շեշտվել է, որ մրցութային գործընթացը դեռևս ընթացքի մեջ է և նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման արդյունքում ամբողջ աշխարհում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված կարող է ձգձգվել՝ կապված համապատասխան կազմակերպությունների կողմից մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու անհնարինության հետ։

Մրցույթը կայանալու, հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելու, կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի բլանկները թողարկելու, մատակարարելու և համակարգը վերջնական գործարկելու ու լիարժեք սպասարկում իրականացնելու համար ևս կպահանջվի տևական ժամանակ, ուստի անհրաժեշտ է  նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, որպեսզի մինչև նոր համակարգի ամբողջությամբ ներդրումը և փաստաթղթերի բլանկների ձեռք բերումը հնարավոր լինի ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը։

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

Նախագծով օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

1lurer.am