Տավուշում ծեծի ենթարկված երկու երեխաները` 4 և 6 տարեկան տղաները, ապրում են բազմանդամ` 12 հոգանոց ընտանիքում, 2 սենյականոց փոքր տանը։
Երեկ, ըստ քննչական կոմիտեի, Տավուշի Խաշթառակ գյուղում պապը ձեռքի փայտով հարվածել էր 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել էին հիվանդանոց. նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, երեխաների պապիկը ձերբակալվել է։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոց։
Sputnik Արմենիային որոշ մանրամասներ են հայտնի դարձել ընտանիքի մասին, որտեղ ապրում են երեխաները։ Մասնավորապես, 12 հոգանոց ընտանիքում միայն 7-ն անչափահաս երեխաներ են։ Նույն տանն ապրում են տատն ու պապը` Էմմա և Սամվել Հ.-երը, նրանց երկու երեխաները` Անուշավան և Մարիաննա Հ.-երը, ինչպես նաև Անուշավանի կինը` Անուշ Բ.-ն։ Վերջիններս երկու երեխա ունեն, իսկ մյուս 5 երեխաները Մարիաննա Հ.-ինն են։ Լինում են օրեր, որ բազմանդամ ընտանիքի երեխաները սոված են լուսացնում։
Ծեծի հետևանքով այժմ հիվանդանոցում են Մարիաննայի որդիներից մեկն ու Անուշավանի որդին։
Ընտանիքը սոցիալապես խիստ անապահով է. հոգեկան առողջության (մտավոր հետամնացություն) և լեզվական խնդիրներ ունեցող 28-ամյա Մարիաննան ամուսնացել է 17 տարեկանում, նա երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Ամուսնությունից որոշ ժամանակ անց կինը 2 երեխաների հետ, հղի վիճակում ամուսնալուծվել և հայրական տուն է վերադարձել։ Հետո ևս երկու երեխա է ունեցել արտամուսնական կապից։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Մարիաննայի առաջին ամուսինը` 40-ամյա Դավիթ Ղ.-ն, նույնպես գրանցված է Մարիաննայենց տանը։ Խնդիրն այն է, որ ամուսնալուծությունից հետո որոշ ժամանակ նորից միացել են և որոշել են ամուսիններով գրանցվել Մարիաննայի հայրական տանը, որպեսզի նպաստ ստանան։ Հիմա արդեն ուզում են նրան հանել գրանցումից, բայց փաստաթղթային ինչ–ինչ խնդիրներ կան։
Բացի այդ, 2015-ին Մարիաննա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար։ Նա հայտնել էր, որ իրեն մի քանի անգամ տարբեր տղամարդիկ բռնաբարել են, սակայն պարզվել է, որ տղամարդկանց և կնոջ միջև սեռական կապը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Դատարանը, սակայն, չի ազատազրկել կնոջը` հաշվի առնելով նրա առողջական վիճակն ու խնամքին անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը։ Նրա նկատմամբ փորձաշրջան է սահմանվել:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am