Չարենցավան քաղաքի Գործարանային փողոցի հարևանությամբ ձգվող «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի չշահագործվող երկաթգծից գողացել են 120 մետր ռելս` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության հաղորդմամբ՝ անգամ ընկերության աշխատակիցները գլխի չեն ընկել, թե մայիսի 23-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում ե՞րբ և օրվա ո՞ր ժամին կարող է կատարվել գողությունը:
«Հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինեն Չարենցավանի 46 և 44-ամյա երկու բնակիչ: Նույն օրը 46-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Չարենցավանի բաժին: Պարզվեց` բանվորների օգնությամբ գործը գլուխ բերելուց հետո ռելսերը բեռնատարով տեղափոխել էին Հոկտեմբերյան ու վաճառել»,–նշված է հաղորդագրության մեջ:
Գողոնը հայտնաբերվել է և ի պահ հանձնվել «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ:
Հանգամանքները պարզվում են:
Բերման ենթարկված տղամարդը կալանավորվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: