Այս տարվա հունիս-հուլիս ամիսներին, «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» (ՊԶՀԱ), ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ մարզպետարանների հետ համատեղ միավորվել էին «Մի բան անենք» արշավի շուրջ։ Նպատակը՝ զբոսաշրջային վայրերի տարածքում ապահովել մաքուր միջավայր բոլոր այցելուների համար, ինչպես նաև աջակցել համավարակով պայմանավորված իրավիճակի արդյունքում աշխատանքից զրկված զբոսավարներին և ուղեկցորդներին։
Արդյունքում, մաքրվել էին հիմնական երթուղիները, գետնանցումներ, եկեղեցիների և վանքերի մերձակա տարածքներ և այլն: Հավաքվել էր մի քանի տասնյակ տոննա աղբ:
Այսօր զբոսավարներից մի քանիսը պատահաբար կանգ են առել 1989 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված` «Զվարթնոց»-ի հարևանությամբ գետնանցումի մոտ, որտեղից հունիսի սկզբին մաքրել էին ավելի քան 5 տոննա աղբ (ինչպես զբոսավարներն են պարզել, գետնանցումը չի գործել 1988 թվից), տեսնելով և սոցցանցում հրապարակելով հետևյալ լուսանկարները:
Զբոսավարներն Ֆեյսբուքում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել: Մասնավորապես, զբոսավար Մելանյա Հակոբյանը, որը ևս մասնակցել է գետնանցումի մաքրման աշխատանքներին, գրել է.
«⚠️ Ինձ մոտ սա անողին այլևս խոզի հետ չհամեմատե՛լ փլիզ, դա կլինի կոմպլիմենտ նման մուտանտների համար… ?
Կհիշեք Զվարթնոց-Էջմիածին գլխավոր մայրուղու վրա գտնվող 30 տարուց ավել խցանված այս գետնանցումը, որը գիդերով 2 ամիս առաջ փոշի ու կեղտ կուլ տալով, պլպլացրել, սարքել էինք Կասկադի աստիճանները, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենային ի վերջո օգտվել դրանից փողոցում լահմաջո դառնալու վախով վազելու փոխարեն, բայց կարծես մեր երկրում դեռ կան անիրավներ, որոնք հոգով, սրտով, մարմնով ու ուղեղով հազարապատիկ անգամ զիջում են ամենափնթի կենդանուն։ Ուղղակի ասել-անցնելով սիրտս չի հովանում։
Մեր օրերում պիտի որ ունենանք չէ՞ պատկան մարմիններ, որոնց գործը մենք արդեն իսկ կամավոր արել էինք, մնում էր հետևել ու թույլ չտալ նույնը կրկնել։
Բա ո՞ւր եք, բազկաթոռին նստած սրճո՞ւմ եք աշխատավայրում։
Ի վերջո չկա՞ այս երկրում տուգանք կամ ճակատին «ես խոզ եմ» դաջվածքի դակում, որ տեսնելիս ճանաչենք ու իմանանք ՝ինչպես վարվել նրանց հետ։ Լավ, դուք խիղճ չունե՞ք ա՛յ փնթիփարախներ։??♀️
Մի բան կասեմ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ԹՈՒՅԼ ՏԱ, ՈՐ ԹՔԵՆ ԻՐ ՎՐԱ։
Հուսամ՝ սա անպատասխան չի մնա։
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality մի բան արե՜ք, նույնիսկ եթե այս տարածքը ձեր վերահսկողության տակ չի գտնվում, մի զանգով հավաքել տվե՛ք այս խայտառակությունը»:
Ստորև՝ լուսանկար, վերը նշված գետնանցումի հունիսին տեղի ունեցած մաքրման աշխատանքներից: