Նաիրա Զոհրաբյան. «Ինչո՞ւ ոչնչացան մամոնտները. ասում են՝ հումորի զգացում չունեին»
Advertisement 1000 x 90

Նաիրա Զոհրաբյան. «Ինչո՞ւ ոչնչացան մամոնտները. ասում են՝ հումորի զգացում չունեին»

Նստած մտածում եմ, թե ինչ ծանր բան է հումորի զգացում չունենալը։ Ու ոչ միայն չունենալը, այլ նաեւ պարզ հումորի վրա մի ամբողջ սեքսիստա-գենդերային շարժում ու տեսություն սարքելը, ներտեսակային խմբակներում սույն տեսության շուրջ լրջմիտ քննարկումներ անելն ու ինքնաբոցավառվելը։

Երեկ աչքովս ընկավ մի հումորային ստենդափ կանանց մասին ու տեղադրեցի էջումս։

Թե դրանից հետո ինչ սկսվեց, ընդամենն ասեմ, որ առաջին աշխարհամարտն ու մամոնտների վերացումը սույն բոլոլայի դեմ պատմական ոչնչություններ են։

Մեկը մյուսի հետեւից գենդերային բալանսը պահելու եւ սեքսիստ չլինելու կոչեր, հրատապ կերպով կանանց իրավունքների պաշտպանության հեղափոխական կոմիտեներ ստեղծելու նախաձեռնություններ, հերթական անգամ ինձ գործից հանելու պահանջագրեր ու մնացածն արդեն չեմ հիշում։

Որ ասեմ զարմացած եմ՝ սուտ կլինի։ Պարզապես տխուր է, շատ տխուր, որ հումորի ու ժպիտի էսպիսի ճգնաժամ կա ու որ կան մարդիկ, ովքեր անգամ անեկդոտը պատրաստ են հերձել, անեկդոտի թարմ օրգանները հանել ու սկսել հանրային մեծ դիսկուրս՝ գենդերային հավասարության, ֆեմինիզմի եւ սեքսիզմի մասին։

Մտածում եմ, ինչ լավ է, որ էդպիսի մարդիկ, այդուհանդերձ, քիչ են, այլապես, հիմա վաղուց վառած կամ՝ նվազագույնը պարտկոմի ժողովում հինգ բանավոր ու երեք գրավոր նկատողություն տված կլինեին Արկադի Ռայկինին, Ժվանեցկուն, Ռոման Կարցեւին, Արկադի Արկանովին, Կլարա Նովիկովային, Եֆիմ Շիֆրինին, Խազանովին ու Ելենա Վորոբեյին՝ կանանց թեմաներով հումորներ անելու համար։ Հա, Ժվանեցկու՝ բալզակյան տարիքի կանանց մասին սարկաստիկ հումորապատումից հետո սույն գենդերապաշտպանները խեղճ հումորիստին ջրախեղդ կանեին՝ մոտակա կանալում։

Ի դեպ, սեպտեմբերի 14-ին մեկնարկող ԱԺ հենց առաջին նիստում ակնկալում եմ, որ իմ անձի հանդեպ հատուկ «ջերմագին» վերաբերմունք ունեցող որոշ անձինք առիթը բաց չթողնեն խորհրդարանի բարձր ամբիոնից կարդալու սույն հումորեսկն ու հայ ժողովրդին ուղղելու շեքսպիրյան հարցը՝ հիմա «լինե՞լ, թե՝ չլինել»։

Անկեծ, տխուր է, շատ տխուր։ Որովհետեւ, դու կարող ես շատ բան կորցնել, բայց երբ կորցնում ես նաեւ հումորդ ու երբեմն նաեւ հենց ինքդ քո վրա ծիծաղելու հատկությունը, դա արդեն լուրջ կրիզիս է։

Հա, մեր բոլորի մեջ կին էլ կա, ու ինչպես էդ սքեթչում է ասվում՝ «կնիգ» ու դա միանգամայն նորմալ է ու հա, որեւէ մեկս չի կարող ասել, որ երբեւէ իր երեխային պաշտպանելու համար տապչկան հագած կռիվ չի տվել, կամ խնձորի կամպոտ չի արել։

Ու էդ ամենը միանգամայն նորմալ է ու կեղծ վրդովմունքի ակցիաներ եւ պիկետներ մի՛ սարքեք, ֆալշը «զռում» է։

Սիրելի՛ կանայք, սիրեք ձեզ՝ ինչպիսին էլ դուք կաք ու ինչ սոցիալական կարգավիճակ էլ ունեք։ Թույլ մի՛ տվեք, որ կեղծ սեքսիստական դոգմաներով լցնեն ձեր կյանքը։

Ու ամենակարեւորը՝ երբեք չկորցնեք հումորի զգացողությունը եւ նաեւ՝ մեկ-մեկ ինքներդ ձեզ վրա ծիծաղելու համարձակությունը։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր