Ավելի քան 20 աշակերտ ունեցող դասարանները կկիսվեն մի քանի խմբերի։ Այս մասին այսօր հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այս դեպքում երեխաները դպրոց կհաճախեն հերթականությամբ՝ յուրաքանչյուր խումբը 3 օր։ Իսկ մինչև քսան աշակերտ ունեցող դպրոցների պարագայում ուսումնական գործընթացը կիրականացվի՝ ուղղակի պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ ուսումնական գործընթացը սկսվելու է սեպտեմբերի 15-ից՝ բացառությամբ առաջին դասարանցիների, որոնք դպրոց կգնան սեպտեմբերի 14-ին։
Փոխանախարարի ներկայացմամբ՝ առաջին դասարանցիները առաջին օրն առանձին կհաճախեն դպրոց, սակայն կա սահմանափակում՝ մեկ անձի ուղեկցությամբ։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր դպրոցում նշանակվելու է COVID-19-ի հսկողության պատասխանատու՝ ի պաշտոնե դպրոցի տնօրենը, որը պատասխանատու է լինելու կորոնավիրուսի տարածումը կանխարգելող կանոնները պահպանելու համար։
«Մինչև դպրոցում ուսումնական գործընթացի սկիզբը պետք է իրականացվեն անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները՝ ինչպես աշխատակիցների համապատասխան վերապատրաստման, այնպես էլ դպրոցում անհրաժեշտ գծանշումների և պարագաների ապահովման և մյուս ուղղություններով։ Ընդ որում, մեծ կարևորություն ենք տալիս բուժքրոջ ներգրավմանը։ Իհարկե, շատ կարևոր է, որ դպրոցներն ապահովվեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով և ախտահանման համար անհրաժեշտ պայմաններով, որի համար նախատեսված են տարբեր աղբյուրներ»,- ներկայացրեց փոխնախարարը։
Ավելին, նա կարեւորեց, որ յուրաքանչյուր դպրոցի համար գծագրվի մուտքի և ելքի, ինչպես նաև դպրոցի ներսում շարժի գործընթացը։ «Կորոնավիրուսի տարածման ռիսկը շատ ավելի է բարձրանում մեծ քանակով մարդկաց ինտենսիվ շփման պարագայում։ Հենց այս պատճառով փորձել ենք այնպիսի կանոններ սահմանել, որոնք հնարավորություն են տալիս հնարավորինս նվազեցնել ինտենսիվ շփումը։
Այդ կանոններից է, օրինակ, դպրոցների հնարավոր բոլոր մուտքերի օգտագործումը։ Սա նշանակում է, որ մենք փորձում ենք խորհուրդ տալ, հաշվի առնելով դպրոցի կառուցվածքը, տարբեր մուտքերով երեխաներին ընդունել»,-ասաց փոխնախարարը։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց նաև, որ ուսուցիչների և աշակերտների տեղաշարժերը ևս սահմանափակվել և կարգավորվել են այն սկզբունքից ելնելով, որ ինտենսիվ շփումները հնարավորինս կրճատվեն։