Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենք մասնակի փլուզման հետևանքով բնակարանները կորցրած բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երեւանի հյուրանոցներից մեկում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը իր հերթին տեղեկացրեց, որ Ռայնիսի փողոցի շենքի վթարային վիճակն ուսումնասիրելու նպատակով անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում։
Նշվում է, որ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը շենքի բոլոր մուտքերում և բնակարաններում կատարել է ակնադիտական հետազոտություն։