Ինձ զանգահարած կինը պատմում էր, թե «Նուբարաշեն» քրեակատարողականի պատժախցում դիմակավոր անձինք ինչպիսի կտտանքների են ենթարկել իր ամուսնուն։ Եթե այն, ինչ ինձ պատմեց կինը, թե ինչպիսի դաժանությամբ են ծեծել իր ամուսնուն եւ նրա խցակիցներին, իրականություն է, ապա սա այլեւս բեսպրեդել էլ չի։
Ինձ հայտնի չէ բռնությամբ ու ստորացմամբ օրինականություն հաստատելու ժողովրդավարություն։ ՔԿԾ մամուլի խոսնակը, ադեկվատ մի աղջիկ, պարզաբանում է, թե Քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ, ներգրավելով նաեւ հատուկ ստորաբաժանումների ծառայողներին՝ խցերում արգելված իրեր եւ առարկաներ հայտնաբերելու նպատակով: Ու ավելացնում է, որ ՔԿ ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաեւ ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ։
Մի խոսքով, չի հերքում, որ մարդկանց ծեծել են։
Ու էնքան դաժանաբար, որ ըստ մամուլի, առավել դաժանաբար ծեծվածները այս պահին հիվանդանոցներում են։
Ի դեպ, նման չնախատեսված «ռեյդեր» տեղի են ունեցել ոչ միայն «Նուբաշարենում», այլ մի քանի այլ քրեակատարողական հիմնարկներում եւս՝ նույն դիմակներով ու դուբինկաներով։
Ծեծվածների հարազատներին հասկացրել են, որ ձեր դատապարտյալը քրեական ենթամշակույթի կրող է ու պատժվել է քրեական ենթամշակույթի շրջանակներում։
Նորից բացեցի Քրեական ենթամշակույթի մասին օրենքի նախագիծը, նորից կարդացի ու չտեսա տող, ուր նշված լիներ, որ քրեական ենթամշակույթը ազատազրկվածի միջից հանելու ամենաարդյունավետ միջոցը դիմակներով ու դուբինկաներով ծեծն է։
Եթե սա սեփական իշխանության ադրենալինի գերդոզայից ինքնահաստատվելու կերպ է, ուրեմն վատ է, շատ վատ։ Եթե չգործող օրենքը մի կերպ ռեալիզացնելու անկանոն շարժումներ են, որ օրենքով հետաքրքրված միջազգային կառույցներին ասեն, թե էսքան ենթամշակույթ ենք արմատախիլ արել ու դրա համար հատուկ ջոկատայիններով «изгнание ենթամշակույթա» սպեց-օպերացիա են կազմակերպում, սրա հետեւանքները վատ են լինելու, շատ վատ։
Բռնությամբ հարց չի լուծվել ու չի լուծվելու։
Կարծում եմ, բացի պարզաբանումից, որ հատուկ ջոկատայինները իրավունք ունեն ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու, «սպեց օպերացիայի» համար պատասխանատու կառույցը պարտավոր է մի փոքր «սպռավոչկա» տրամադրել, թե էդ ի՞նչ հրամանների չենթարկվելու համար են ազատազրկվածներին դուբինկաներով ջարդել։
Ի դեպ, միջազգային մեր գործընկերներն էլ են մի հատ էդ «սպռավոչկայից» ուզում։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից