Հայաստանի նոր ազգային հերոսի անվան պղծումը` տգիտագույն տառադարձությամբ` դեռևս ԼՏՊ-ի օրերից եկող և ֆանատիկորեն շարունակվող պետական ապուշության օրինակ է: Պետական ապարատում գերակշռող ապուշության և տխմարագույն կանոնների ցցուն օրինակ է, երբ անվան հիմք սկսում են ընդունել ոչ թե ազգային` հայկական տառադարձությունը, հնչյունաբանությունը, ուղղագրությունն ու վերջապես դարերով հաստատված անվանացանկը, այլ` հայկական բուն անուն-ազգանունների` այլ պետությունների ու ժողովուրդների կողմից ապականված մեր անուն-ազգանունների սխալ տառադարձությունն ու հնչյունաբանությունը:
Եվ մենք մեր ձեռքով թքում ենք մեր ազգային ամենակարևոր բաղկացուցիչի` լեզվի ու նաև միաժամանակ մեր սեփական մտքի ու ուղեղի վրա:
Եթե ես լինեի մեր այս նոր բժիշկ-հերոսի տեղը` առիթը կօգտագործեի` հանրայնացնելու մի հարց, որ հին մնացած Հայաստանի նոր բյուրոկրատ չինովնիկներն անգամ իրենց ապուշությամբ կամք չունեն փոխելու:
Եվ այդպես` նոր ազգային հերոսի խիստ հայկական Հակոբ Հավակիմյան անունն այլևս ՀԱԳՈՊ ՀՈՎԱԳՈւԻՄԻԱՆ է …
Կա՞ արդյոք սեփական ազգային հերոսին առավել նվաստացնելու այլ տարբերակ, քան այսպիսի տառադարձությամբ փաստաթղթավորելն է:
Թերևս` ոչ:
Պրոֆեսոր Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից: