Կարևորը` նա առողջ ու անվտանգ լինի. Դավիթ Տոնոյանը խոսել է Ադրբեջանում հայտնված սպայի մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Կարևորը` նա առողջ ու անվտանգ լինի. Դավիթ Տոնոյանը խոսել է Ադրբեջանում հայտնված սպայի մասին. armeniasputnik.am

Մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հետ կատարվածի առնչությամբ ծառայողական քննություն է իրականացվում, որից հետո պարզ կլինի` ինչպես է եղել դեպքը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Մեր նախնական գնահատականով` սպան մոլորվել և հայտնվել է հակառակորդի կողմում։ Արդյո՞ք մեր զինծառայողին առևանգել են` սա հարց է, որը պետք է պարզենք։ Դրանից կախված էլ` տարբեր միջազգային կառույցների հետ կաշխատենք»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` այժմ էլ աշխատում են միջազգային կառույցների հետ և պահանջում, որ Կարմիր խաչ միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելեն Ալավերդյանին։ Տոնոյանի տեղեկություններով` այս պահին դեռ այդ պահանջը չի կատարվել։

Դիտարկմանը, թե ակնհայտ է` Ադրբեջանը տեսանյութ պատրաստելով և Ալավերդյանին տեքստ «կարդալ տալով» խախտել է նրա իրավունքները` Տոնոյանը պատասխանեց, որ գոյություն ունեն գործընթացներ, որի մասին տեղեկացվում են կողմերը։ Նախարարը նշեց, որ այս դեպքում Ադրբեջանին զգուշացնում են, որ իրենք խախտում են կատարել։

«Վստահ ենք, որ ԵԱՀԿ–ի շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ–ի և ԿԽՄԿ–ի կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում, որ մեր սպային վերադարձնեն։ Սակայն այս փուլում գլխավորն այն է, որ Ալավերդյանն առողջ և անվտանգ լինի»,–ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմանում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։ Դրանից հետո ադրբեջանական կողմը տեսագրություն տարածեց, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ էր կարդում, որ իբր ուզում է մնալ Ադրբեջանում։

armeniasputnik.am