Պաշտոնավարման 12 տարի, թե՞ մինչև 65 տարեկան պաշտոնավարում
Եվրոպական երկրներում ձևավորվել է ՍԴ դատավորների պաշտոնավարման որոշակի ժամկետ (օրինակ՝ 12 տարի) սահմանելու հստակ պրակտիկա (Տե՛ս Վենետիկի հանձնաժողովի ՀՀ Սահմանադրության նախագիծ վերաբերյալ 2014թ. PI(2015)015 եզրակացության 168-րդ կետը):
2015թ. խմբ. ՀՀ Սահմանադրությամբ՝ ՍԴ դատավորների համար սահմանվեց պաշտոնավարման 12 տարվա ժամկետ, իսկ 2020թ. Սահմ. փոփոխություններով, այդ ժամկետը տարածվեց նաև ՍԴ բոլոր դատավորների նկատմամբ: Կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ում հետևողականորեն իրացվել է ՍԴ դատավորների՝ որոշակի ժամկետով պաշտոնավարելու եվրոպական պրակտիկան:
ՀՀ-ում ընդհանուր իրավասության դատարանի դատավորների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի, պաշտոնավարման ժամկետ սահմանված չէ, նրանք պաշտոնավարում են մինչև 65 տարեկան:
ՍԴ և ՎԴ դատարանների ինստիտուցիոնալ միավորման դեպքում ինչպե՞ս է այս երկու՝ սկզբունքորեն տարբերվող մոտեցումները մեկտեղվելու:
Տարբերակ առաջին՝ ցուցաբերվում է միասնական մոտեցում՝ ԳԴ բոլոր դատավորների, այդ թվում՝ սահմանադրական արդարադատություն իրականացնողների համար սահմանվում է մինչև 65 տարեկան պաշտոնավարում:
Եթե գնան այս ճանապարհով, ապա դա հետքայլ է դեպի 90-ականներ, որի պարագայում շեղվում են նոր ձևավորված Եվրոպական պրակտիկայից: Նման մոտեցմամբ կրկին կանգնելու են սահմանադրական արդարադատության համակարգի լճացման վտանգի առաջ:
Բացի այդ, եթե ՍԴ դատավորների պաշտոնավարման 12 տարվա ժամկետն համարվի անկարևոր և այն վերացվի, ապա հարց է ծագելու՝ ինչո՞ւ Սահմանադրության անցումային դրույթներում 2020թ. փոփոխություններով պաշտոնավարման 12 տարվա ժամկետը տարածվեց բոլոր դատավորների վրա և այդ հիմքով երեք դատավորի լիազորություն դադարեցվեց: Մի գուցե պետք էր ի սկզբանե վերացնել ՍԴ դատավորի պաշտոնավորման 12 տարվա ժամկետը:
Պետք է կողմնորոշվել … Հիշենք հռոմեական իրավունքի «non concedit venire contra factum proprium» սկզբունքը, որի համաձայն՝ ոչ ոք չպետք է հակասի սեփական գործողություններին:
Ի դեպ, բացառում եմ ԳԴ ԲՈԼՈՐ դատավորների համար պաշտոնավարման 12 տարի ժամկետի տարբերակը))
Տարբերակ երկրորդ՝ ցուցաբերվում է տարբերակված մոտեցում՝ վճռաբեկություն իրականացնող դատավորների համար սահմանվում է՝ պաշտոնավարում մինչև 65 տարեկան, իսկ սահմանադրական արդարադատություն իրականացնող դատավորի համար՝ պաշտոնավարման 12 տարի ժամկետ: Եթե գնան այս ճանապարհով, ապա կրկին կապացուցվի, որ սահմանադրական արդարադատությունը գերագույն դատարանի համակարգում օտար մարմին է (Տե՛ս Ղրղզստանի օրինակը):
Երբեք չէի մտածի, որ այս չափ անմշակ և «օդից ընկած» հարցին հարկադրված կլինեմ այս չափ լուրջ մոտենալ և այսքան ժամանակ տրամադրել: Երկար կարելի է խոսել, բայց պետք է այստեղ և այսքանով սահմանափակվել:
Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան էջից