Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Ռիմա Եգանյանը:
Նրա խոսքով, 2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տեւական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել եւ պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը:
Դեպքի առթիվ. ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:
Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
Ֆուտբոլիս եղբայրները ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ ձերբակալված երիտասարդները Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ, եղբայրներ 30-ամյա Էդգար Մալաքյանը և 26-ամյա Գոռ Մալաքյանն են։ Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը խաղում է Երեւանի «Արարատում»: