«Ես հարց տամ, էլի, ՊՈԱԿ-ի տնօրենը ո՞վ է, չգիտեմ»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց մեր հարցին, թե ի՞նչ կապ ունի կառավարական առանձնատների վերանորոգման պատմության հետ, որտեղ շրջանառվում է նաև իր անունը:
Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Հակոբյանն է բարեխոսել, որ, օրինակ, Արուսյակ Մանավազյանը նշանակվի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում, իսկ ՊՈԱԿ-ի՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում, ինչպես տեղեկացրել ենք, լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել:
Հրաչյա Հակոբյանն ասաց, որ Արուսյակ Մանավազյանին ճանաչում է, բայց սուտ է, որ իր համար բարեխոսել է. «Ես որևէ ձևով որևէ մեկին այսքան ժամանակ որևէ տեղ չեմ բարեխոսել, այդ թվում նաև Արուսյակ Մանավազյանին: Կառավարական առանձնատների վերանորոգման հետ կապված զրո տեղեկություն ունեմ: Առաջին անգամ մամուլից իմացա, որ իմ անունը շրջանառվում է… Այն հատվածները, որտեղ իմ անունը շրջանառվում է, որ առանձնատան վերանորոգման հետ կապված ես ինչ-որ կապ ունեմ, այդտեղ ինչ-որ մարդ նշանակելու հետ կապված կապ ունեմ՝ ծայրից ծայր սուտ տեղեկություն է, հերյուրանք է: Որևէ կապ ես չունեմ այդ ամեն ինչի հետ»:
Ամբողջությամբ՝ aravot.am