ֆեյսբուքի հայկական տիրույթում, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցներում շրջանառվում են Աննա Պետրոսյան անունով օգտատիրոջ կողմից հրապարակված «Սեռական առողջության այբբենարան» գրքույկից լուսանկարներ։ Օգտատիրոջ գրառումից տպավորություն է ստեղծվում, թե խոսքը գրքի մասին է, որը դասավանդվում է դպրոցներում, մասնավորապես՝ տարրական դասարաններում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ հիշյալ դասագիրքը որևէ կապ չունի դպրոցական ծրագրի հետ։ Ուսումնական պրոցեսում այն ներառված չէ և չի եղել։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց նաև «Սեռական առողջության այբբենարանի» համահեղինակ, մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Խաչիկյանի հետ։ Վերջինս նշեց, որ գրքույկը հրատարակվել է դեռևս 1999 թվականին։ Բրոշյուրի համահեղինակներն են Մերի Խաչիկյանը, Ժասմեն Հարությունյանը և «Ընտանիքի առողջության պահպանման հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (վերջինս այլևս չի գործում)։
Բժշկուհի Խաչիկյանը հավելեց, որ գրքույկը նախատեսված չէ դպրոցական ծրագրի համար, այն տրամադրվել է մասնագիտական սեմինարի շրջանակում, որի մասնակիցները եղել են 16 տարեկանից բարձր անձինք։ Ավելին, գրքույկները ոչնչացվել են՝ մասնակիցների կողմից նկարազարդումների բացասական արձագանքից հետո։
«Տեղեկատվության ստուգման կենտրոն»