ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ֆուտբոլիստ եղբայրների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Քննությամբ պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները, ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ գտնվել են Երևան քաղաքի «Կասկադ» համալրին հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու տեսուչներ, ծառայություն իրականացնելիս, նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վերջինիս տեղեկացնելով վարչական իրավախախման վերաբերյալ փաստը՝ կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող երկու եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, և մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:
Նույն ժամանակահատվածում սրճարանի մոտակայքում գտնվող ՀՀ ԱԱԾ երկու քննիչներ, նկատելով եղբայրների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, մոտեցել են նրանց ու պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները: Վերջիններս, վրդովվելով իրենց արված դիտողությունից, հակադրվելով հասարակության անդամներին, անձնական պատվախնդրությունը վեր դասելով հասարակության շահերից և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, խաթարել հարակից սրճարաններում գտնվող անձանց անդորրը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` հնչեցրել են հայհոյանքներ և բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նրանց գործողությունները զուգորդվել են այդ պահին ներկա գտնվող ոստիկանության այլ ծառայողների նկատմամբ դիմադրություն ցույց տալով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: