Մենք արդեն բազմիցս ենք առիթ ունեցել անդրադառնալու Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ հայաստանյան քաղաքական կյանքում ունեցած ակտիվ գործունեությանը։
Նախորդ մեր հրապարակումներում անդրադարձել էինք, որ որքան էլ «ֆեյքերի ֆաբրիկան» քարոզչական հնարքներով փորձի նրա շուրջ դրական ֆոնի իմիտացիա ապահովել ասենք՝ «Անգելա Մերկելը հիացած է Աննա Հակոբյանով» մակարդակի շրջանակներում, միեւնույնն է, այդ ակտիվության հետ կապված հասարակության մեջ կա բացասական վերաբերմունք, ինչը ունի բազմաթիվ պատճառներ եւ բավական լավ հիմնավորումներ։
Չնայած այս ամենի, կարելի է արձանագրել, որ Աննա Հակոբյանը մտադիր չէ հեռանա ակտիվ քաղաքականությունից։ Ավելին, դատելով նրա կեցվածքից եւ գործողություններից, կարելի է ասել, որ նա իրեն պահում է լիովին անկախ գործիչ, նույնիսկ՝ զատված իշխող քաղաքական մեծամասնությունից, իր ուրույն գծով, ազդեցությամբ եւ ուրույն՝ բավականին նկատելի եւ մեծ ախորժակի հավակնություններով։
Հակոբյանը բավական ակտիվ է ներքաղաքական տարբեր հարցերի մասին իր հայտարարություններով, Արցախյան հիմնահարցի առնչությամբ արած իր հայտարարություններով։ Իհարկե, դժվար է միանշանակ պնդելը, սակայն կարող են որոշակի վստահությամբ ասել, որ Աննա Հակոբյանն իր համար քաղաքական կապիտալ է կուտակում, այսպես ասած՝ «սեւ օրվա» համար եւ Նիկոլ Փաշինյանի հնարավոր քաղաքական գահավիժման ֆոնին կարող է արդեն գործարկել այդ կապիտալն ու ավելի հստակ ու բացահայտ կերպով դառնալ որպես հայաստանյան քաղաքական դաշտի խաղացողներից մեկը։
Եթե նման հաշվարկ Աննա Հակոբյանն այնուհանդերձ, ունի, ապա դա բավական վտանգավոր խաղ է իրականում, քանի որ որքան էլ մենք փորձենք ներկայանալ որպես եվրոպական հասարակություն, Հայաստանում բավական ուժեղ են արեւելյան ընկալումները․ պարզ ասած՝ Հայաստանն օրինակ Արգենտինա չէ, իսկ Աննա Հակոբյանն էլ դժվար թե կարողանա դառնալ Եվրա Պերոն։ Ընդհակառակը, կա վտանգ, որ նա կարող է քայլել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ճանապարհով։
Ամբողջությամբ՝ politik.am