Ֆեյք «Մայր Թերեզա»-ից՝ ֆեյք «Սոսե Մայրիկ»․ Աննա Հակոբյանի ծիծաղելի փորձերը. politik.am
Advertisement 1000 x 90

Ֆեյք «Մայր Թերեզա»-ից՝ ֆեյք «Սոսե Մայրիկ»․ Աննա Հակոբյանի ծիծաղելի փորձերը. politik.am

Ադրբեջանական մամուլն այսօր ակտիվորեն քննարկում էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նոր «ռազմահայրենասիրական ֆոտոսեսիան»։ Հիմնական թեզը, որն առաջ էր տանում ադրբեջանական մեդիան հետեւյալն է՝ «Աննա Հակոբյանը զենքով նշան է բռնում ադրբեջանցի երեխայի վրա»։ Ինքնին հասկանալի է, որ Բաքուն այդ ֆոտոսեսիան, որը նույնիսկ հայաստանյան կամ ընդհանուր առմամբ՝ հայկական միջավայրում միանշանակ չընդունվեց, կմեկնաբանվեր այդ կերպ։ Սակայն տարօրինակ է ոչ թե ֆոտոսեսիայի մասին արձագանքները, այլ ֆոտոսեսիայի փաստն ինքնին։

Հիշենք, թե ինչպես 2018-ի սեպտեմբերին Աննա Հակոբյանը խաղաղարարի առաքելության հովերով տարված ինչպիսի կոչեր էր ուղղում Ադրբեջանին եւ ինչպիսի հրճվանքով էր իշխանության խոսափողի դերակատարությունը ստանձնած «Ազատությունը» հայտարարում, որ 2016 թվականի քառօրյա պատերազմում զոհված մոտ չորս տասնյակ զինծառայողների մայրեր միացել Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչերին։

Այն ժամանակ Աննա Հակոբյանը խրոխտաբար հայտարարում էր, որ գիտի, որ քննադատվելու է իր խաղաղասիրական կոչերի համար, սակայն չի ընկրկում, քանի որ մտադիր է պայքարել «բոլոր այդ մայրերի համար, զավակներ, հայրեր, եղբայրներ կորցրած ընտանիքների իրավունքների համար: Ես պայքարելու եմ, որպեսզի այլևս զավակ չկորցնենք»:

Աննա Հակոբյանն այնքան ոգեւորված էր, որ նրա համար նույնիսկ Չինարիի մանկապարտեզի գնդակոծման մասին լրագրողի հիշեցումը խոչընդոտ չէր, որպեսզի կոչ անի ադրբեջանցի կանանց, մայրերին «իրենց ձայնը բարձրացնել», քանի որ նրանք էլ չեն ուզում լինել որդեկորույս։

Այն ժամանակ Աննա Հակոբյանի համար սեւեռուն գաղափար էր պայքարել հանուն խաղաղության, որպեսզի «Վերջապես խաղաղություն հաստատվի սահմանում, վերջապես տիրի խաղաղ բանակ, որպեսզի մայրը որդուն բանակ ճանապարհելիս երբեք չմտածի, որ կարոտով սպասելու է երկար» եւ որպեսզի «նոր Հայաստանում էլ որդեկորույս մայրեր չավելանան»:

Այժմ սակայն ամեն ինչ փոխվել է, ըստ էության՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Երկու տարի պահանջվեց, որպեսզի իշխող ընտանիքը հասկանա, թե իրականում ով է կիրթ ու կառուցողական Իլհամ Ալիեւը։

Ու հիմա, երբ խաղաղասիրական բոլոր թեզերը ֆիասկո են ապրել, Աննա Հակոբյանը որոշում է կտրուկ անցում կատարել, եւ «Մայր Թերեզայից» վերածվել «Սոսե մայրիկի»։

Ինչ է ստացվում․ ինչպես որ շինծու էր խաղաղասիրությունը Աննա Հակոբյանի մեկնաբանությամբ, նույնքան էլ շինծու է ռազմահայրենասիրությունը՝ նրա ֆոտոսեսիայում եւ ավելորդ անգամ անհարկի մեկնաբանությունների առիթ է տալիս Ադրբեջանում։ Վստահ կարելի է ասել, որ Բաքուն առիթը բաց չի թողնի այս ֆոտոսեսիան կապիտալիզացնել ու օգտագործել Երեւանի դեմ՝ թեկուզ Մնացականյան-Բայրամով առաջիկա հանդիպման ժամանակ։

Հ․Գ․ Երեկ ամբողջ օրը ֆեյսբուքում ծաղրում էին Աննա Հակոբյանին, ով «Սոսե Մայրիկ» դիմակ էր հագել ու սա բնական է՝ մարդիկ միանգամից տեսնում են կեղծքիը, որը վարչապետի և նրա տիկնոջ կենսագրության անբաժան մաս է կազմում։

politik.am



Նման նյութեր