Շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանում իշխանությունը զավթած փողոցայինների խմբակը տոտալ անուշադրության է մատնել Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները: Տոտալ անուշադրության է մատնված Հայաստանի թշնամիների կողմից տարվող քարոզչական աշխատանքը, որը հետագա գործողությունները արդարացնելու համար որպես ամուր հիմք է ծառայելու: Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ թուրքական ու ադրբեջանական քարոզչամեքենաների դիմաց Հայաստանն ու հայությունը կանգնած են մեն-մենակ: Վերջին երերսուն տարիների ընթացքում Հայաստանն ու հայությունը բառի բուն իմաստով անտեր են, որովհետև Հայաստանում իշխանության են մարդիկ, որոնք թուրք-ադրբեջականան քարոզչական բլոկի դեմ պայքարի ոչ հավես ունեն, ոչ նպատակ, ոչ էլ մասնագիտական կարողություններ: Այո, կար ժամանակ, երբ քարոզչական դաշտում մենք մի հատ «փռշտում էինք» և Ալիևը միլիոնավոր դոլարներ էր ծախսում, որ ասի` «առողջություն»:
Վերջին երկու տարիները Հայաստանի և հայերի հետ հարաբերություններում Անկարայի և Բաքվի «ոսկե դարն են»: Ժամանակ, երբ Հայաստանն ու հայերն իրենց համար քարոզչական դաշտում որևէ խնդիր չեն առաջացնում, իսկ իրենք առանց Հայաստանից ու հայությունից եկրող որևէ դիմադրության կարող են քարոզչական դաշտում անել սրտի ուզածը` կեղծել պատմությունը, քարոզչական ականներ շարել, նախապատրաստական աշխատանքներ տանել… Չէ որ վերջին երկու տարում Հայաստանում իշխանության եկած փողոցայինների խմբակը փոխել է պետության նպատակները: Օրինակ` թուրք ներողների համառ ջանքերով Հայոց ցեղասպանության հետ կապված մենք հիմա փաստացի միայն հիշում ենք և այլևս չենք պահանջում, մենք այլևս ոչինչ չենք պահանջում: Չէ որ պարզվեց, որ Հայաստանում իշխանությունը զավթած մարդու համար ընդունելի է Արցախի հիմնահարցի լուծման միայն այն տարբերակը, որը ընդունելի է նաև ադրբեջանցիների համար: Կարճ ասած` աբսուրդ:
Իսկ արդյո՞ք փոխվել են Թուրքիայի և Ադրբեջանի նպատակները: Ոչ, և կրկին անգամ ոչ: Դրանք չենք փոխվել և տեսանելի ապագայում չեն էլ փոխվելու: Ավելին` դրանք կփոխվեն միայն այն ժամանակ, երբ մենք այնքան ուժ կունենանք, որ կստիպենք նրանց փոխել իրենց նպատակները: Ինչպես հիմա են արդեն ասում` թուրքներն ու ադրբեջանցիները մեզ քիչ էին, Նիկոլ Փաշինյանն էլ Հայաստանում իշխանություն զավթեց: Ու քանի կա Փաշինյանի ռեժիմը, քարոզչական դաշտում Ադրբեջանն ու Թուրքիան անշեղորեն առաջ են գնալու` փաստացի մոտենալով այն կարմիր գծին, որից այն կողմ վերջին երեսուն տարիներին Հայաստանի ու համայն հայության քարոզչական դաշտում կատարած տիտանական աշխատանքը ջուրը նետելն է:
Հ.Գ. Սա մի շատ հայտնի թուրքական ֆիլմից հատված է: Այս ֆիլիմն աշխարհում միլիոնավոր մարդիկ են նայել ու նայում: Տեսեք թե ինչպես են կեղծում պատմությունը և Ադրբեջանը խցկում մարդկանց ուղեղների մեջ: 16-րդ դարում ոչ միայն Ադրբեջան չի եղել, այլև Ադրբեջանի անվան տակ ներկայացվող Ատրպատականը (ժամանակակից Իրանի հյուսիսային շրջանները) երբեք չի եղել օսմանների տիրապետության տակ: Այո, կարճ ժամանակ օկուպացվել է, բայց պատերազմի վերջնարդյունքում հետ է վերադարձվել Իրանին: Հիմա արդեն Ադրբեջանն է նման ֆիլմեր նկարում` գեղարվեստական և «փաստավավերագրական», որով համաշխարհային հանրության գլուխը պետք է մտցնի կեղծված պատմությունն ու Բաքվի քարոզիչների հիվանդ երևակայության արդյունքները: Գլոբալ մակարդակում մարդկանց սրտերն ու մտքերը գրավելու պայքար է գնում: Ու երևի թե չեք կասկածում, որ սրա նպատակը մեկն է` Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծվելիք մեծածավալ պատերազմում ունենալ քարոզչական առավելություն` պատերազմական հանցագործությունները որպես հերոսություններ ներկայացնելու շատ հստակ նպատակներով:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջում: