Փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարություն է տարածել.
«Վերջին 20 տարիների ընթացքում իշխանության ամբողջատիրական համակարգի ձևավորումը և իրականացումը դադարեցրած 2018թ․ հեղափոխական իրադարձություններից հետո կարծես մեկնարկեցին գործընթացներ, որոնք, ի թիվս այլ խնդիրների, պետք է լուծեին նաև կոռումպացված և տարիներ շարունակ ժողովրդավարության և մարդու (անհատական) իրավունքների դեմ ի նպաստ խմբային շահերի գործադրված պետական համակարգերի, այդ թվում՝ դատական համակարգի խնդիրը։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ իշխանությունն անկար է իրականացնել բովանդակային և հետևողական իրավական քաղաքականություն։ Այդ անկարողությունը դրսևորվում էր իրավական համակարգի խորքային, համակարգված և հետևողական բարեփոխման իրական ծրագրի և դրա իրագործման բացակայությամբ, առանցքային պետական մարմինների վերակազմավորման և կազմավորման, դրանց սահմանադրական և օրենսդրական առաքելությանը հավատարիմ գործունեության ապահովման ձախողմամբ, կադրային անբովանդակ քաղաքականությամբ, ինչպես լայն իմաստով այնպես էլ առանձին կարևորության պաշտոնների մակարդակում։
Այս անկարողությունը կամ կամքի բացակայությունը դրսևորվում է ՀՀ ժողովրդավարական և իրավական պետություն սահմանադրական բովանդակությունը այլասերած և տապալած առանցքային նշանակության գործերով իրական և խորքային/բովանդակային վերանայման և արդյունավետ քննության իրականացման ձախողմամբ։
2018թ․ հեղափոխությունից հետո «Մարտի 1-ի» գործով վերջապես սկսվեց իրական քննություն, որը կարճ ժամանակում ի հայտ բերեց այն աներևակայելի պատկերը, որը 10 տարի շարունակ հետևողականորեն նկարագրվում և բացատրվում էր ինչպես իրավական գործընթացներում՝ ներպետական և վերպետական ատյաններում, այնպես էլ՝ քաղաքական գործընթացներում։
Պարզվեց, որ պետությունը՝ պետական իշխանությանն ամբողջապես տիրած խմբերն ու անհատները կազմակերպված և հետևողականորեն պետական իշխանության տարբեր ճյուղերի ներգրավմամբ և դրանց իշխանության իրագործմամբ խեղաթյուրել են իրականությունը և խմբային շահերի սպասարկմանը ծառայեցրել մի ամբողջ ժողովրդի պատկանող իշխանությունն ու պետության ինքնիշխանությունը։ Պարզվեց, որ այդ նպատակի համար չի դրվել խտրություն միջոցների հարցում։ Այդ նպատակով խախտվում էր Սահմանադրությունը, խեղվում և սպանվում էին մարդիկ, խեղաթյուրվում էր ճշմարտությունն ու պատմությունը, կեղծվում էին փաստերը ու ապացույցները, դատապարտվում էին այլախոհները և հակառակորդները։