Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից օրերս բացահայտվել է տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։
Ինչպես տեղեկացրին ՊԵԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով բեռնատար ավտոմեքենայով կազմակերպվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչային յուղ։
Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում՝ Ա.Պ.-ի կողմից վարվող «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մուտք է գործել ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, որտեղ համապատասխան ձևակերպումներ ստանալու նպատակով վարորդի կողմից ներկայացվել է կեղծ հաշիվ ապրանքագիր: Ըստ կեղծ ապրանքագրի Ռուսաստանի Դաշնությունում գնված և ՀՀ տեղափոխվող ապրանքը իբրև թե հանդիսանում է արևածաղկի հիդրոֆուզ։ Օպերատիվ աշխատակիցները հետազոտման են ենթարկել ավտոմեքենան և դրանում առկա բեռը, արդյունքում հայտնաբերվել են ցորենի թեփի պարկերի տակ թաքցված ավելի քան 6 հազ. լիտր քաշով «SINTEC», «GAZPROMNEFT», «ROSNEFT» և «ROLF» տեսակի շարժիչային յուղեր։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է խուզարկության։ Բեռնատարն ու ապրանքներն առգրավված են։
Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։