«Կարանտինի մասին» օրենքով կառավարությունը պատրաստվում է երկար ժամանակով սահմանափակել քաղաքացիների իրավունքները
Advertisement 1000 x 90

«Կարանտինի մասին» օրենքով կառավարությունը պատրաստվում է երկար ժամանակով սահմանափակել քաղաքացիների իրավունքները

Սետեմբերի 4-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցությունն իրեն հատուկ «սրընթաց և առարկություն չհանդուրժող» ոճի մեջ մեկ օրում առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը, որով այսուհետև նախատեսվում է արտակարգ դրությունը փոխարինել կարանտինով։ Սա թերևս այս ԱԺ ընդունած առավել խայտառակ օրենքներից մեկն է, քանի որ, ըստ էության, արտակարգ դրության համարյա բոլոր իրավական սահամանափակումները վերաշարադրված են «կարանտին» անվան տակ, սակայն, ի տարբերություն արտակարգ դրության, որը Կառավարության կողմից մտցվում է երեսուն օրով և պահանջում է նույն ԱԺ կողմից հավելյալ հաստատում, կարանտինը կարող է մտցվել մինչև վեց ամսով թե՛ Կառավարության և թե՛ իշխանության ավելի ստորին օղակների կողմից և որևէ հանրային հաշվետվողականություն չի պահանջում։ Տարօրինակ կերպով, ընդունելով այս օրենքների փաթեթը՝ Ազգային ժողովը փաստացի հրաժարվեց Կառավարության նկատմամբ վերահսկողության իր կարևորագույն լծակներից մեկից, սակայն դա թերևս այդքան էլ զարմանալի չէ, եթե հիշենք, թե ինչ սկզբունքով է ձևավորվել այս ԱԺ իշխող մեծամասնությունը, և ում շահերն է այն հնազանդ սպասարկում։

Թե Հայաստանում, թե աշխարհում վաղուց արդեն ձայներ են հնչում նրա մասին, որ կառավարությունները չարաշահում են համավարակի գործոնը՝ քաղաքացիների նկատմամբ արհեստական սահմանափակումներ կիրառելու նպատակով։ Շատերս հիշում ենք, թե ինչ համառությամբ Կառավարությունը մարտի 31-ին անցկացրեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով օրինականացվեց յուրաքանչյուր քաղաքացու գտնվելու վայրը, նրա կատարած հեռախոսազանգերը, ժամանակը և նույնիսկ տևողությունը վերահսկելու պետության իրավունքը։ Այն ժամանակ Կառավարությունը պնդում էր, որ դա հնարավորություն է տալու կանխել համավարակի տարածումը, ավելի լավ վերահսկելով վարակակիրների և կոնտակավոր անձանց տեղաշարժը։ Այս պահի դրությամբ սակայն, համավարակի տարածմամբ Հայաստանը Եվրոպայի և ԱՊՀ տխուր «առաջատարն» է, և այս օրենքը, ենթադրաբար, չնչին ազդեցություն է ունեցել վարակի տարածման կանխման տեսակետից, սակայն մինչև հիմա շարունակում է գործել և արհեստականորեն սահմանափակել մեր բոլորի իրավունքները։

Նույն կերպ, վարչապետ Փաշինյանը բազմիցս է պնդել, որ դիմակ կրելը վարակի տարածումը կանխելու հիմնական միջոցն է, թեև COVID-19 կորոնովիրուսի տարածման ամբողջ փորձը ցույց է տալիս, որ այն փոխանցվում է կամ մարդկանց անմիջական շփման միջոցով, կամ էլ փակ տարածքներում վիրուսի կոնցենտրացիայի կուտակման արդյունքում, ուստի բաց տարածքներում դիմակ կրելը չնչին ազդեցություն կարող է ունենալ վարակի տարածման վրա, սակայն հսկայական անհարմարություն է պատճառում մարդկանց։ «Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը հերթական այդպիսի կամայականության դրսևորումն է, որով Կառավարությունը պատրաստվում է երկար ժամանակով սահմանափակել քաղաքացիների իրավունքները, կրկին առանց դրա դիմաց երաշխավորված արդյունքի, կամ էլ մարդկանց պատճառած վնասի դիմաց իրական քաղաքական պատասխանատվության։

Այն, որ այս Կառավարությունը խուսափում է քաղաքական պատասխանատվությունից, հաստատվում է ցավալի վիճակագրությամբ։ Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ այս տարի Հայաստանում մահացության ընդհանուր նվազում է տեղի ունեցել, քանի որ իրենց կողմից ղեկավարվող առողջապահական համակարգը ավելի օպերատիվ և որակյալ է սպասարկում հիվանդներին։ Հիանալի կլիներ, եթե այդպես լիներ, բայց իրականությունը, ցավոք, այլ է։ Սեպտեմբերի 7-ին ԱՎԾ-ը հրապարակել է առաջին յոթ ամիսների պաշտոնական վիճակագրությունը, որից հետևում է, որ այդ ընթացքում Հայաստանում մահացությունը աճել է 8,5%-ով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելանալով 1343 մահով։ Պաշտոնապես, դրանցից 781-ը պայմանավորված են COVID-19 վիրուսային ինֆեկցիայով, մնացածը այլ պատճառներով, սակայն կարելի է ենթադրել, որ դրանց զգալի մասն էլ ևս կապ ունի համավարակի հետ, պարզապես զուգորդվել է այլ հիվանդություններով: Նույն ժամանակաշրջանում, Հայաստանում տնտեսական ակտիվությունը նվազել է 5.7%-ով, իսկ եթե հաշվի առնենք, որ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում մենք ունեցել ենք մոտ 9% տնտեսական աճ, ապա իրական տնտեսական անկումը կազմում է մոտ 15%, դա տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատ ևս մեկ ցավալի հակառեկորդ է։

Արդյունքում ստացվում է, որ Հայաստանը համավարակի հետևանքով երկակի հարված է ստացել՝ այն մի կողմից, հսկայական տնտեսական կորուստներ է կրել (առաջին 7 ամիսների ընթացքում՝ մոտ 500 մլրդ դրամի կարգի), իսկ մյուս կողմից էլ, նույն շրջանում մոտ 1000 մարդկային զոհ է ունեցել համավարակից (որոնք հիմա էլ շարունակում են ավելանալ)։ Կարելի է անվերջ պնդել, որ համավարակը ոչ ոքի չի խնայում, ամբողջ աշխարհում ծանր վիճակ է, ԱՄՆ պես հզոր երկրում ևս հսկայական կորուստներ են արձանագրվել և այլն, սակայն փաստն այն է, որ առնվազն մեր տարածաշրջանում, Հայաստանը արձանագրել է թե բնակչության վարակման ամենաբարձր տոկոսը, թե ամենաբարձր մահացությունը, և թե ամենամեծ տնտեսական կորուստները, և սա իրողություն է, որի հետ պետք է ի վերջո առերեսվել և համապատասխան հետևություններ անել, մինչև հասարակությանը հերթական սահմանափակումների բեռը պարտադրելը։

Թե ինչու է այդպես այդպես տեղի ունեցել, առանձին քննարկում է, և կախված է բազմաթիվ գործոններից։ Այստեղ դեր է կատարել թե սկզնբնական փուլում իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը համավարակին, թե հետագայում իրականացված հախուռն և ոչ հետևողական բազմաթիվ քայլերը, և նույնքան հակասական հանրային հաղորդակցությունը, թե պետական մարմինների ակնհայտ թերացումները՝ տարրական կարգապահություն ապահովելու գործում, հունիս-հուլիս ամիսներին առողջապահական համակարգի կաթվածը, և մի շարք այլ գործոններ, որոնք բերել են այս տխուր արդյունքին՝ ես վերջին կես տարվա ընթացքում բազմիցս եմ դրանց անդրադարձել, և չեմ ցանկանում հիմա կրկնվել։ Ցավալին այն է սակայն, որ այս ամենի շուրջ իշխանությունները հստակ հետևություններ չեն անում, հանրության առաջ սեփական սխալների համար քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում, և կարծես նաև որևէ մեղքի զգացում էլ չունեն։ Փոխարենը, նրանք շարունակում են հասարակությանը ծանրաբեռնել նորանոր սահամնափակումներով, որոնց գիտական հիմնավորումներ չունեն և ոչ մի երաշխիք չեն տալիս, որ իրավիճակը չի շարունակի վատանալ, բայց որոնք իշխանություններին թույլ են տալիս մարդկանց նկատմամբ կամայականորեն կիրառել պատժիչ դագանակը՝ պատճառաբանելով դա հանրային շահով։

Այս ամենը չի կարող անվերջ շարունակվել։ Մենք, որպես հանրություն, իրավունք ունենք պահանջել ավելի որակյալ և արդյունավետ կառավարում, և կառավարողների պատասխանատվության ավելի բարձր մակարդակ։ Պատճառաբանությունները, որ նախկին իշխանությունները ավելի լավը չէին, այլևս ընդունելի չեն՝ ի վերջո, հենց այդ պատճառով էլ նրանք նախկին են, իսկ ցանկացած հաջորդ իշխանություն պետք է ցույց տա, որ այն էապես ավելի արդյունավետ կարող է կառավարել երկիրը, և լուծել նրանում կուտակված դժվարին խնդիրները։ Եթե գործող իշխանությունը կորցրել է այդ կարողությունը, նա պետք է քաջություն ունենա ընդունելու, որ իր առաքելությունն այս փուլում ավարտվել է, և չփորձի այլևս տարբեր հնարքներով երկարացնել իր մենաշնորհային կառավարումը՝ դրա ամեն օրը թանկ է արժենում մեր բոլորիս համար, և չի կարող հավերժ շարունակվել։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր