Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է պաշտոնատար անձի հանցակցությամբ խոշոր չափերի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև պաշտոնատար անձին կաշառք տալու և ստանալու դեպքեր բացահայտելու մասին:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ ծառայության աշխատակիցների գործուն աջակցության շնորհիվ բացահայտվել են խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կաշառք տալու և ստանալու դեպքեր, ինչպես նաև կանխվել է քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձի կողմից քրեակատարողական հիմնարկի տարածք խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրումը:
Մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ Ս.Հ.-ն, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության կապիտանի հատուկ կոչում, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 18-ի թիվ 270-ն որոշման պահանջները, փորձել է oժանդակել խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն, դրա դիմաց ստացել է կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Պարզվել է, որ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձը «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ.-ի խնդրանքով, շահադիտական դրդումներից ելնելով, 2020 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտակայքում Վ. Խ.-ի մորից՝ Մ. Մ.-ից, ստացել է ընդհանուր խոշոր չափերով՝ 0.5928 գրամ «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, 0.15 գրամ «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղահատեր, ինչպես նաև 8.56 գրամ հաստատուն քաշով զգալի չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ նշված խոշոր չափի թմրամիջոցներն «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ.-ին փոխանցելու համար, Մ. Մ.-ից ստացել է 25 հազար ՀՀ դրամ կաշառք։
2020 թվականի սեպտեմբերի 2-ի առավոտյան Ս. Հ.-ն «Արմավիր» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում բռնվել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից, ովքեր անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերել ու վերցրել են իր կողմից՝ Մ. Մ.-ից ստացած թմրամիջոցները, որից հետո վերջիններս հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Ս.Հ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Մ.Մ-ին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: