DJ Վակցինայի նախկին ամուսինը՝ Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով անդրադարձել է իրենց որդու հետ կապված՝ նախկին կնոջ բարձրաձայնած խնդրին ու մեղադրանքին:
«Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ բոլորիդ երեկ համացանցում շրջանառվող հերթական պարսավանքի վրա ուշադրությունս սևեռելու համար. 5-ամյա որդուս հետ խաղալիս որպես կանոն չեմ հետևում սոց.ցանցերում տարածվող լուրերին, ստահոդ ու դատարկաբնույթ երևույթները իմ հետաքրքրության շրջանակից դուրս են:
Գոյություն չունեցող պարսավանքին չեմ արձագանքում, հերյուրանքն անտեսելու կարողություն ձևավորել եմ վաղուց, իսկ երեխայիս խնամելու հետ կապված ինձ չճանաչող, սակայն ընտանիքս թիրախավորող անձանց մեկնաբանություններին գնահատական չեմ ուզում տալ: Ձեր խղճով շարժվե՛ք:
Մի քանի հակադարձում երևույթի հետ կապված. եթե շրջանառվող լուրերը իրականության հետ գոնե որևէ աղերս ունենային, հարցը տեղափոխված կլիներ իրավական հարթակ, ներկայացվող դեպքին պատշաճ արձագանք կլիներ գոնե ոստիկանության կողմից: Եթե իրավապահ մարմինները որևէ խնդիր չեն տեսել երեխայի՝ սեփական հոր հետ ժամանակ անցկացնելու մեջ, ուրեմն ցանկացած մեկնաբանություն, հատկապես իրողության հետ կապ չունեցող, պարսավանք է:
Ցավում եմ, որ որոշ անձինք որոշել են անձնական կյանքս հանրային հարվածի տակ դնել՝ ունենանով սեփական նեղ շահերը՝ հետագայում դրանք իրացնելու համար, սակայն հուսով եմ, որ բարձրացված արհեստածին թեման, որ մեկը մյուսի հետևից արտատպում է դեղին մամուլը, վաղը ճնշող ազդեցություն չի ունենա մեծացող և կարդալ սովորող զավակիս վրա: Հուսամ, որ սա միայն ես չեմ գիտակցում:
Որդիս լիարժեք առողջ է, գտնվում է իմ հոգածության ներքո, իսկ վերջինիս առողջության հետ կապված սուտ տեղեկությունները ընդամենը մանիպուլացիոն զենք են, որ շատերն օգտագործում են ընտանիքիս դեմ:
Չեմ ցանկանում խոսել անչափահաս երեխայի, ծնողների իրավունքների ու անձնական կյանքի պաշտպանության մասով օրենսդրական կարգավորումներից, համոզված եմ, որ հարցով զբաղվող պատկան մարմիններ կան, ում հնարավոր չէ ներքաշել սեփական ամբիցիաների հորձանուտ. այստեղ չկան առանձին «ես»-եր, կան ծնողներ, որոնք պարտավորված են գործելու ի շահ երեխայի։
Ավելին մանրամասնել հարկ չեմ համարում, հարցազրույցներ տալ՝ նույնպես: Հուսով եմ, որ թեման այսքանով կսահմանափակվի և շնորհակալ եմ մեր կողքին լինելու համար։
Անկախ ամեն ինչից ու իմ դեմ ուղղված արհեստածին պարսավանքներից ու զրպարտություններից ես շարունակում եմ ու շարունակելու եմ իմ հայրական հոգածությունն ու խնամքը իմ զավակի նկատմամբ։ Ոչինչ ու ոչ ոք չի կարող փորձել արգելել կամ խոչնդոտել զավակիս հայեցի դաստիարակությանը ու առողջ մտքով ու հոգով քաղաքացի ձևավորելուն», – գրել է Ռուբեն Խաչատրյանը: