Վերջին ամիսներին ԱՄՆ-ում տեղի են ունենում ոչ թե հանրային դժգոհություններ կամ հուզումներ, այլ խորքային պրոցեսներ՝ ցնցումներ, որոնք կարող են խմբագրել ամերիկյան հասարակության դիմագիծը, արժեհամակարգը, նույնիսկ խմբագրել և վերաարժեվորել ամերիկյան պատմությունը, ընդհուպ բերելով պատմական դեպքերի և դերակատարների վերաիմաստավորման (դիցուկ` Կոլումբոսի և Վաշինգտոնի վերաբերյալ դիսկուրսը):
Սա լոկ հասարակական տրամադրությունների և ընկալումերի փոփոխություն չէ, սա հասարակական երկրաշարժ է՝ ուղղահայաց և հորիզոնական ցնցումներով, հետցնցնումներով և ավերածություններով, որոնք էապես խմբագրելու են այն Ամերիկան, որը մենք ճանաչում ենք:
Այս ցնցումների պատճառները նոր չեն, սակայն խթանող ուժերը, հանգամանքներն ու հրահրող տեխնոլոգիաները` այդ թվում դրսից, նոր են: Այո, այս ամենի հետևում կանգնած են նաև ուժեր, ֆինանսավորողներ և աջակիցներ ամենատարբեր տեղերից:
Ակտիվ և ագրեսիվ խմբերի կարծիքին հակադրվելը (նույնիսկ, եթե դրանք փոքրամասնություն են) դարձել է վտանգավոր և գլոբալ անհանդուրժողականությունը, որ պարուրել է այս հասարակությունը պառակտիչ է: Մի խումբ քաղաքական գործիչներ չցանկանալով հակադարձել բարձրագոռ հատվածի կարծիքներին դարձել են այս խմբերի մոլի պաշտպանները, իսկ մյուս խումբն էլ պնդում է, որ Ամերիկայում կա լուռ մեծամասնություն, որը հակադիր է բարձրագոռ փոքրամասնությանը:
Հնարավոր պատճառներ
Առաջին պատճառը հասարակական այն ճգնաժամն է, որը հասել է իր պիկին ատելության և անհանդուրժողականության քաղաքական քարոզի ֆոնին, որն իրականացվում է քաղաքական հոսանքների կողմից (վախի և անպաշտպանության զգացմունքի լավագույն ցուցիչ է հրազենի վաճառքի ռեկորդային աճը):
Ատելության ֆոնը առավել զգայուն դարձավ Թրամփի ընտրվելուց հետո: Թրամփը կմնա պատմության մեջ, որպես ամենաթիրախավորված, ամենաքննադատված և հանրության մի հատվածի համար ամենաանընդունելի նախագահը: Ամերիկացիները Թրամփին կամ ատում են կամ երկրպագում: Միջին վերաբերմունքը բավականին փոքր թիվ է կազմում:
Համաճարակի պատճառով տնտեսական և բարոյահոգեբանական ճգնաժամի առաջ էին կանգնած աղքատ և միջին խավը, որը ԱՄՆ բնակչության հիմնական մասն է կազմում։ Չմոռանանք, որ ԱՄՆ հարստության 99% կենտրոնացած է ԱՄՆ բնակչության 1% ձեռքերում։ Ամիսներով տանը մնալով և չաշխատելով հանրությունը դարձել էր առավել զգայուն և դեպրեսիվ և փոքր խայծը դարձավ մեծ հրդեհի պատճառ:
Այսինքն աֆրոամերիկացի Ֆլոյդի մահը ոչ թե պատճառ էր այլ հարուցիչ, հրահրիչ, դրդիչ հանգամանք, որպեսզի կուտակված էներգիան պայթյուն առաջացնի (չմոռանանք, որ ԱՄՆ ոստիկանությունը տարեկան 1200-1500 քաղաքացի է գնդակահարում և սևամորթները այս ցուցակում մեծամասնություն չեն) ինչևէ, այդ պայթյունը եղավ, որի կրակի վրա ձեռքեր են տաքացնում տարատեսակ քաղաքական և հասարակական հոսանքներ (Օրինակ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող Defund the Police շարժումը): Իսկ ռասայական և ընդհանրապես «խտրականություն» երևույթը ԱՄՆ ամենամեծ խնդիրներից է հարյուրամյակներ շարունակ։
Հիմա հասարակության մի մասին համար դժվար է արտահայտել անձնական կարծիք՝ քարկոծվելու վտանգից ելնելով։ Ըստ որոշ պնդումների լուռ մեծամասնությունը համաձայն չէ բարձրագոռ փոքրամասնության կամքին, կամ չի ցանկանում հանրորեն արտահայտել անհամաձայնությունը՝ անարգանքի սյունին չգամվելու հեռանկարից խուսափելու համար, բայց այդ մեծամասնությունը իր խոսքը կասի ընտրությունների ժամանակ:
Այս ամենը այսբերգի միայն վերին մասն է, որ տեսանելի է առանց այդ հասարակության մեջ փաստացի ապրելու, բայց վստահ եմ ամերիկաբնակ ընկերներս առավել խոր պատկերացումներ կձևակերպեն գործընթացների վերաբերյալ:
Հնարավոր լուծումներ
Նոյեմբերի 3-ին այս ամենը կամ կդադարի, կամ ավելի կխորանա։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: