«Դիմակահանդեսային» խառնաշփոթ՝ ոստիկանությունում
Advertisement 1000 x 90

«Դիմակահանդեսային» խառնաշփոթ՝ ոստիկանությունում

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու պահից մինչ օրս դիմակ չկրելու կամ ոչ ճիշտ կրելու համար ՀՀ ոստիկանության կողմից կազմված արձանագրությունների՝ մի շարք լրատվամիջոցներին տրամադրված թվերը ոչ միայն չեն համապատասխանում իրար, այլև, մեղմ ասած, անտրամաբանորեն տարբերվում են:

Համեմատության համար ստորև ներկայացնում ենք 4 լրատվամիջոցի տրամադրված պաշտոնական թվերը:

1.  ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու պահից մինչեւ հուլիսի 30-ը ներառյալ դիմակ չկրելու համար կազմվել է 118.259 արձանագրություն։  Այս թիվը պաշտոնապես «Փաստինֆո»-ին է տրամադրել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը՝ գրավոր հարցմանն ի պատասխան:

2. ՀՀ-ում արտակարգ դրության հաստատումից ի վեր՝ մինչև 2020 թ. օգոստոսի 18-ը ներառյալ, կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 82.116 որոշում, որոնցից 71.713-ը կազմվել է դիմակ չկրելու համար: Այս մասին, Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

3. Մարտի 16-ին ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչեւ օգոստոսի 27-ը դիմակ չկրելու համար կազմվել է վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշում: Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան:

4. Արտակարգ դրության ընթացքում՝ մարտի 16-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, դիմակ կրելու կանոնները չպահելու համար նշանակվել է 108 հազար 286 վարչական տույժ: Այս տվյալը դարձյալ հայտնել են ոստիկանությունից՝ Fip.am-ի հարցմանն ի պատասխան:

Թե ինչպես է ստացվել, որ մինչև հուլիսի 30-ը ներառյալ ոստիկանությունում վարչական տույժ նշանակելու մասին 46.546-ով ավելի շատ որոշում է կայացվել, քան մինչ օգոստոսի 18-ը ներառյալ, 18.685-ով ավելի շատ, քան օգոստոսի 27-ը ներառյալ և 9.973-ով ավելի շատ, քան օգոստոսի 31-ը ներառյալ, կիմանան միայն այս թվերը կազմող և ներկայացնող ստորաբաժանումները:

Վ. Սարգսյան

yerkir.am