ՀՀ Զինված ուժերում շարունակում են սահմանափակումներ կիրառվել համավարակի ներթափանցումը կանխելու համար։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեռևս արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները։ Խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժվող զինծառայողներին։
Պայմանագրային զինծառայողների համար ևս սահմանափակումներ են կիրառվում։ Նրանց հանձնարարված է հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների՝ խնջույքներ, տոնակատարությունների, թաղման արարողություններ և այլն։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է անում զինծառայողների ծնողներին և հարազատներին դադարեցնել տեսակցության նպատակով այցելությունները զորամասեր և հոսպիտալներ, հնարավորինս բացառել շփումները զինծառայողների հետ:
«Հիվանդության գաղտնի շրջանում գտնվող անձը տեսակցությունների և շփումների հետևանքով վարակն անգիտակցաբար կարող է փոխանցել զինծառայողներին, ինչը պատճառ կհանդիսանա զինված ուժերում վարակի տարածմանը, հետևաբար՝ ստորաբաժանման մարտունակության անկմանը»,- զգուշացնում են նախարարությունից։
Նախարարությունը հիշեցնում է՝ զինված ուժերի մարտունակության ապահովումն այս պահին ամենակարևոր խնդիրն է:
Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված`փետրվարի վերջից սկսած արգելված են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները։