Բելառուսի խնդրով ռուսական քաղաքականությունն այս պահի դրությամբ կարելի է համարել օրինակելի, հաշվի առնելով հենց միայն այն հանգամանքը, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Կիպրոս այցից հետո, այսօր այդ երկիրը փաստացիորեն արգելափակել է պաշտոնական Մինսկի նկատմամբ Եվրոպական Միության պատժամիջոցների ընդունումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Ընդ որում, դա արվել է չափազանց հետաքրքրական պատճառաբանությամբ, համաձայն որի Կիպրոսը պահանջել է Բրյուսելից սահմանափակումներ կիրառել նաև Թուրքիայի նկատմամբ Արևելյան Միջերկրականում գազային պաշարների արդյունահանմանը միտված այդ երկրի անօրինական գործողությունների համար։
Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ամենևին խանդավառված չէ Միջերկրածովյան տարածաշրջանի արևելքում թուրքական ակտիվությամբ, որն ուղղակի հակասության մեջ է ռուսական աշխարհաքաղաքական և որ ոչ պակաս կարևոր է, նաև էներգետիկ շահերի հետ, ուստի Ռուսաստանն առնվազն կարճաժամկետ կտրվածքով խաղարկել է հաղթանակ-հաղթանակ ելքով փայլուն դիվանագիտական պարտիա»: