Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիաները չեն դադարում
Advertisement 1000 x 90

Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիաները չեն դադարում

2020թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 531 հոդված, որոնցից 276-ը եղել է բացասական, 1-ը դրական, 254-ը՝ չեզոք։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիաները չեն դադարում, նրա մասին հայտարարագրվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ էր հայտարարել։ Մինաս Մարտիրոսյանի համար ընդունելի չեն այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում կրթական ոլորտում։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը անվստահություն կհայտնի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Սեպտեմբերի 16-ին Աժ լիագումար նիստին կպահանջեն նախարարի հրաժարականը։ Ի աջակցություն այդ պահանջի՝ ԼՀԿ-ն նույն օրը քաղաքացիներին հրավիրում է ԱԺ դիմաց՝ բողոքի ակցիա անելու։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մամուլի հետ զրույցում ասել է, որ երկու տարվա ընթացքում ընդդիմության՝ անվստահություն հայտնելու գործընթացները իշխանության կողմից անտարբերության են մատնվում կամ էլ միաձայն մերժվում են։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով Արայիկ Հարությունյանին, գրել է․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն իշխանությունը նվիրած Սերժ Սարգսյանից ընդօրինակեց վերջինիս ամենավատ կողմերից մեկը՝ սեփական թայֆայի անդամների անձեռնմխելիությունը… Սերժ Սարգսյանն էլ իր կառավարության մեջ ուներ բեսպրեդելշչիկ- անձեռնմխելիներ, որոնց վարքագիծը և պահվածքը զզվանք էր առաջացնում հասարակության մեծ մասի մոտ… Նույն ամբարտավան ոճով էլ կառավարում է Նիկոլը, ում թիմի մեջ ևս կան անձեռնմխելի «սուրբ կովեր», որոնցից մեկը ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարար, ստախոս, բանսարկու Արայիկ Հարությունյանը, ո՛վ մինչև հիմա վախենում է գալ Շիրակի պետհամալսարան, ո՛վ իր բանսարկություններով փորձում էր վարկաբեկել ԱՅԲ դպրոցը ու մինչև հիմա որևէ կոռուպցիոն երևույթի վերաբերյալ ապացույց չի ներկայացրել հանրությանը, ո՛վ առաջ է տանում հակահայկական և հակապետական բարեփոխումները կրթական ոլորտում և այլն»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էլ հայտարարել է իր մանդատը վայր դնելու մասին։ Մանդատից հրաժարվելու հիմնական պատճառ պատգամավորը նշել է Արայիկ Հարությունյանի հետ ունեցած անհամաձայնությունը։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ: