Հայաստանում կառավարության որոշմամբ սահմանված կարանտինի ընթացքում գործելու է երկիր մուտք գործելու և երկրից դուրս գալու հատուկ ռեժիմ: Ելքի և մուտքի հատուկ ռեժիմը սահմանված է ՀՀ-ում կարանտին սահմանելու կառավարության որոշման հավելվածում:
Համաձայն հավելվածի՝
- Ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ՝ 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց. 2) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների. 3) հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը (ծնողը, ամուսինը, երեխան, քույրը, եղբայրը). 4) միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են Հայաստանի Հանրապետության տարածքը)․ 5) այն առանձնահատուկ դեպքերի, երբ սահմանապահ զորքերի հրամանատարը, հաշվի առնելով մուտքի հրատապությունը և անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրում է անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելը:
- Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է բժշկական զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինի- 2 կական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի առկայության կամ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով։ Զննության արդյունքներով՝ 1) անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ, կամ 2) անձին տրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալու հրահանգ, որի ընթացքում նա կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն): ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
- Բժշկական զննությունից հետո Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ՀՀ ժամանած անձինք ծանուցվում են ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին նրանց տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման:
- Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից անձի մուտքը թույլատրվում է բացառապես ստորագրված ծանուցագրի առկայության դեպքում: Վերջինիս բացակայության պարագայում Հայաստանի Հանրապետություն ժամանած անձը վերադառնում է սպասասրահ, և նրան առաջարկվում է ծանոթանալ և ստորագրել ծանուցագիրը:
- Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բոլոր սահմանային հսկիչ կետերի ժամանման սրահներում իրականացնում է Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց ինքնամեկուսացման գրանցում ԱՐՄԵԴ համակարգում։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու և սույն հավելվածի 5-րդ կետին համապատասխան ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելուց հրաժարվելու դեպքում նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների կողմից սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո նրանց 3 նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում կամ մեկուսացում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն միջոցներ են ձեռնարկում ապահովելու արտահասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող անձանց սույն գլխով սահմանված կանոնների վերաբերյալ նախապես իրազեկելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն բոլոր կոմերցիոն ավիափոխադրողներին տրամադրում է ծանուցման թերթիկներ՝ չվերթի ժամանակ ուղևորների կողմից լրացվելու համար։
- Սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետից բացառություն է արվում օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամների և սույն հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված անձանց համար: Ընդ որում, վարակի ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝ օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը, իսկ գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները՝ հերթափոխից հետո մինչև հաջորդ հերթափոխ: