Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նույն հեռախոսահամարը ծանոթ համարով նորից սկսեց բզզալ հեռախոսիս էկրանին: Անսովոր զգացում: Համարը ծանոթ էր, նույնիսկ շատ լավ ծանոթ, բայց կարծես ուրվականի զանգ լիներ:
Ընկերս էր, մինչհեղափոխական ժամանակների ընկերներիցս: Աստված իմ, այնքան աղոտ է մեր ընկերության մասին հիշողությունները, որ կարծես դարեր անցած լինի 2018թ-ի ապրիլից: Կարծես մեզանից մեկը մեռել էր տասնյակ տարիներ առաջ: Միգուցե ես մեռա այդ ապրիլ-մայիսյան օրերին իր համար:
-Ախպեր ջան ո՞նց ես:
Հը՞, ախպե՞ր ջան… մի տեսակ նույնիսկ չգիտեմ ինչ պատասխանել: պատրաստ էի ամեն տեսակի խոսակցության: Պատրաստ էի հանդիմանանքի, որ ես թալանչիների և կոռումպացվածների մահը չեմ պահանջում, պատրաստ էի լսել նոր և հպարտ իշխանությունների գովքը, բայց «ախպեր ջան, ոնց ես»-ը ականջս ծակեց, սղոցեց…
-Լավ եմ, դու ոնց ես:
-Նեղացած ա ձայնդ Մալյան ջան: Զանգել եմ ասեմ, որ ճիշտ էիր:
-Չէ, ուղղակի երկու տարուց ավելի չէինք խոսել…
-Մալյան ջան, իրավունք ունես նեղանալու, բայց դե էն ժամանակ իրավիճակը ուրիշ էր:
-Ի՞նչն էր ուրիշ, ինձ մոտ իրավիճակը միշտ կայուն է, ես բոլոր ժամանակներում նույնն եմ, ինձ մոտ ոչինչ չի փոխվում:
-Գիտես ես չէի՞ հասկանում ինչ ա կատարվում: Կներես ախպեր ջան, բայց էդ օրերին մի բառ ավել ասեի, ինձ բզիկ բզիկ կանեին:
-Թեթև տար, կարևորը խղճիդ առաջ մաքուր լինես…
– Զանգել եմ՝ ասեմ կներես, ներողություն, ախպեր ջան: Կարող ես ասել, որ վախկոտ եմ, քաջություն չունեցա ամբոխից վախեցա ու չկարողացա իմ սեփական մտքերը արտահայտել: Ներողություն, ախպեր ջան… Ասա որ ներում ես ախպորդ Մալյան ջան:
Անհարմար լռություն էր, «Մալյան ջան»: Ազգանուն ու ջան, շատ տարօրինակ համադրություն է: Ինձ միշտ թվացել է, որ այդպես կոլխոզի նախագահին «վիլիսի» մեջ դիմում է կոլխոզի նախագահի վարորդը: Անունով դիմելը շատ տնավարի է, իսկ առանց ջանի, միայն ազգանունով դիմելը շատ չոր…
-Երեխեքը ո՞նց են, հարցրեցի ես:
-Լավ են, փառք Աստծո, փոքրս էս տարի դպրոց է գնալու: Էս դիմակների հարցը տեսնես ինչ է լինելու…
-Երեկոյան, որ երեխեքդ գան տուն ուշադիր նայի իրենց աչքերի մեջ ու մտքումդ ներողություն խնդրիր իրենցից: Ներողություն խնդրիր, որ քանդեցիր ու փչացրեցիր քո երեխաների ապագան: Ինձ մոտ ամեն ինչ լավ է, ինձ մոտ ոչինչ չի փոխվել… Երեխեքն են մեղք՝ քո երեխեքը…»։
Նույն հեռախոսահամարը ծանոթ համարով նորից սկսեց բզզալ հեռախոսիս էկրանին: Անսովոր զգացում: Համարը ծանոթ էր, նույնիսկ շատ…
Gepostet von Narek Malian am Dienstag, 15. September 2020