Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46376 դեպք, որոնցից 42069-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3101 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 4135 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 247 839 թեստավորում:
Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 257 նոր դեպք և 128 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 923 (ավելացել է ևս 3-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65, 71 տարեկան տղամարդիկ և 73 տարեկան կին: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Արձանագրվել է նաև մահվան 283 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան