«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արարատի մարզի խաղողագործների բողոքի ակցիային։
Հիշեցնենք, որ նրանք այսօր Արարատի մարզում միջպետական ճանապարհ են փակել՝ բողոքելով խաղողի մթերման խնդիրներից։
Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․
«Ուղիղ հեռարձակմամբ հետեւում եմ Արարատի մարզում խաղողագործների խաղաղ բողոքի գործողությանը։
Հարկ է ընդգծել, որ խաղողագործների խնդիրը ոչ միայն տնտեսական ու սոցիալական հարթությունում է, այլեւ մարդու իրավունքների։ Միայն մի ասպեկտ նշեմ. այստեղ գործ ունենք սեփականության իրավունքի եւ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող «օրինական ակնկալիքի» հետ։ Իսկ խաղողագործների «օրինական ակնկալիքի» առաջնային պատասխանատուն հենց պետությունն է՝ ո՛չ մթերող (եթե չկա պայմանագիր) եւ ո՛չ էլ արտադրող ու իրացնող ընկերությունները։
«Իրավական ուղին» կիրականացնի խնդրի մանրամասն ուսումնասիրություն՝ հենց իրավապաշտպանական ասպեկտով։
Պետության անգործության եւ անգործունակության պատճառով գյուղացին չպետք է տուժի»։