Եթե փողոցային լեքսիկոնը հանենք ԿԳՄՍ նախարարի շուրջ ծավալված վերջին օրերի քաղաքական դեբատներից ու թողնենք միայն ռացիոնալ բովանդակությունը, ապա ստացվում է հետևյալ պատկերը․ հանրության մեծամասնությունը, նույնիսկ միմյանցից ծայրահեղ տարբեր քաղաքական ուժեր և անհատներ պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը և ծանրակշիռ հիմնավորումներ են ներկայացնում այդ պահանջի վերաբերյալ:
Իշխանության դիրքորոշումն այդ պահանջի շուրջ առանձնապես չի տարբերվում մեկ տարի առաջվա դիրքորոշումից: Անցյալ աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ նույնիսկ եթե հազարավոր մարդիկ փողոց դուրս գան Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, միևնույն է ,դա տեղի չի ունենա, և որ Արայիկ Հարությունյանը վայելում է ՀՀ իշխանության և անձամբ վարչապետի քաղաքական հովանավորությունը:
Երեկ և այսօր ելույթներով ու ՖԲ գրառումներով վարչապետը կրկնեց իր անցյալ տարվա միտքը: Սա նշանակում է, որ պաշտոնապես հայտարարվեց, որ Արայիկ Հարությունյանն իրականացնում է իր քաղաքական թիմի օրակարգը և, ըստ ՔՊ գնահատականի, իրականացնում է լավ, և որպես դրա արդյունք՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը տեղի կունենա միայն ամբողջ իշխանության հեռանալու պարագայում, կամ եթե նույնիսկ այդ հրաժարականն ինչ-որ մի օր տեղի ունենա, որի հավանականությունը համարյա բացառվում է, ապա հաջորդ ԿԳՄՍ նախարարից իշխող քաղաքական թիմի պահանջները լինելու են նույնը, ինչ Արայիկ Հարությունյանից, այսինքն, ըստ էության, որևէ խնդիր չի լուծվի նույնիսկ Արայիկ Հարությունյանի հեռանալով:
Սա իր հերթին նշանակում է, որ այսուհետ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կկենտրոնանան բացառապես Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի շուրջ այլևս օրակարգ չունեն, որովհետև այս պահից սկսած կա՛մ պահանջում ես ընդհանուր կառավարության հրաժարականը և իշխանության փոփոխություն, կա՛մ զբաղվում ես քաղաքական մաստուրբացիայով, այսինքն՝ այնպիսի պրոցեսներով, որոնցից ոչինչ չի ծնվում:
Պետք է արձանագրել, որ իշխանությունն այստեղ ավելի անկեղծ է, քան ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շատ ուժեր:
Իշխանությունն անկեղծ ասում է՝ Արայիկ Հարությունյանից որևէ դժգոհություն չկա, Արայիկը ամեն բան իրենց տեսանկյունից ճիշտ է անում, և նրա թիկունքն ապահովում է ՔՊ քաղաքական թիմը:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից