«Բարի Սամարացին» լրագրողի դեմ քաղհայց է ներկայացրել. լրագրողը կալանավորվել է. hraparak.am
Advertisement 1000 x 90

«Բարի Սամարացին» լրագրողի դեմ քաղհայց է ներկայացրել. լրագրողը կալանավորվել է. hraparak.am

Հայաստանում մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից «Բարի Սամարացին», 2020 թվականի հունվարի 27-ին դիմել է դատարան՝ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման և հերքման պահանջով։ Պատասխանողը լրագրող Թերեզա Ասատրյանն է: Այս գործով երրորդ անձ է «Բաց Թիվի» ՍՊԸ-ն: Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդման ժամանակ Թերեզա Ասատրյանը հայտարարել է , որ ընկերության մսամթերքն ուտելու բան չէ, այդ ապրանքի մեջ միս չկա, որ այդ ընկերությունը առաջատար է կոչվել ոչ թե այն պատճառով, որ իսկապես առաջատար է, այլ որովհետև հոգացել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հյուրերի ծախսերը:

Այս գործով վերջին նիստը հետաձգեց, քանի որ հայցվորի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը հայցի հիմքը լրացնելու միջնորդությամբ է հանդես եկել: Իսկ պատասխանող կողմը դատարան չէր ներկայացել: Նախկինում էլ պատասխանող կողմը չի ներկայացել դատարան, թեև պատշաճ ծանուցված է եղել:

Հայցվորը բացի հերքումից ներկայացրել է նաև 2 մլն դրամի փոխհատուցման պահանջ։ Դատը շահելու դեպքում, հայցվորն այդ գումարը ուղղելու է բարեգործական նպատակների:
«Բարի Սամարացին» ընկերության հիմնադիր Հովհաննես Հովակիմյանը համարում է, որ այդ հայտարարությամբ, անձը ոչ միայն վիրավորել է իր ընկերության արտադրանքը, կասկածի տակ է դրել ընկերության համբավը և որակավորման կառույցների գործունեության անաչառությունը, որոնք պարբերաբար քննության են առնում ընկերության արտադրանքը: Հաջորդ նիստը, որը կկայանա նոյեմբերի 24-ին, կբաշխվի ապացուցման բեռը:

Ի դեպ, Թերեզա Ասատրյանի դեմ սա երկրորդ բողոքն է: Մի բողոք էլ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էր ներկայացրել՝ նույն հաղորդման շրջանակներում, իր հասցեին արված զրպարտչական հայտարարությունների համար:

ՀԳ Առավոտյան տեղեկացանք, որ Թերեզա Ասատրյանը կալանավորվել է՝ 160 հազար դրամի հետ կապված խարդախության մեղադրանքով։ Նա տարիներ առաջ ևս կալանավորվել էր, մոտ մեկ տարի անցկացրել կալանավայրում, ապա դատական կարգով արդարացվել։

hraparak.am