ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` դեկտեմբերի 9-ի կայացած նիստում քննարկվել են «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին, «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների սպասարկման տարածքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման միասնական սակագների սահմանման մասին հարցերը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց.
ա. «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա,
բ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանել հետևյալ սակագները.
- խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն),
- ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 27 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից:
2015թ. հուլիսի 7-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) վերահաստատել էր սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գումարային սակագինը` 170.25 դրամ/խմ (նոր սակագնով` 180 դրամ/խմ):