Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակչուհի Անահիտ Մարտիրոսյանը արդեն 25-րդ օրն է, գիշերում է Արմավիր քաղաքի փողոցներում՝ բաց երկնքի տակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Ա. Մարտիրոսյանի՝ պատճառը կայանում է նրանում, որ նրա տունը խլել են ձեռքից: Արմավիր քաղաքի բնակիչները, ցանկանալով օգնել անօթևան կնոջը, բազմիցս անգամ ահազանգել են ոստիանություն, քաղաքապետարան, անգամ Երևան՝ թեժ գիծ, որպեսզի նրան գոնե ժամանակավոր կացարան տրամադրեն, սակայն ոչ մի արձագանք:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ա. Մարտիրոսյանը նշեց, որ խնդրանքով դիմում է պատկան մարմիններին, որպեսզի մի փոքրիկ կացարան տրամադրեն, որ չմնա բաց երկնքի տակ, և, որ քաղաքի փողոցներում բազմաթիվ թափառող շներ կան, որոնք գիշերը կարող են վնասել նրան:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները, ովքեր կնոջն ուղեկցել են «Արմավիր» բժշկական կենտրոն՝ բուժզննում անցնելու, սակայն կինը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտարարելով, որ ցանկանում է՝ ոստիկաններն իրեն տանեն իր հարազատների տուն։