Հայաստանում գործազուրկ է համարվում 226 հազար 600 մարդ
Advertisement 1000 x 90

Հայաստանում գործազուրկ է համարվում 226 հազար 600 մարդ

Հայաստանի Հանրապետությունում այս տարվա  երկրորդ եռամսյակի տվյալներով գործազուրկ է համարվում 226 հազար 600 մարդ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը` հավելելով, որ նրանք այն մարդիկ են, ովքեր աշխատանք փնտրում են և տարբեր պատճառներով չեն գտնում: «Գործազուրկների 54 տոկոսը կանայք են: Աշխատանք չունեցողների 41 տոկոսը միջնակարգ կրթություն ունի, իսկ 28 տոկոսը` բարձրագույն կրթություն»,- նշեց Քալանթարյանը:

Աշխատանքի վիճակագրության բաժնի պետը տեղեկացրեց, որ գործազրկության մակարդակը  կազմում է 18,4 տոկոս: «Տղամարդկանց շրջանում գործազրկությունը կազմում է 16 տոկոս, իսկ կանանց՝ 21,1 տոկոս: Գործազուրկների միջին տարիքը կազմում է 37,5 տարեկան, գործազուրկ տղամարկանց միջին տարիքը 38 տարեկան է»,- ասաց Քալանթարյանը:

Ըստ նրա՝ գործազրկության մակարդակը ավելի բարձր է երիտասարդների շրջանում, քան տարեցների: «Դա չի նշանակում, որ տարեցները ավելի հեշտ են աշխատանք գտնում: Դա նշանակում է, որ տարեցների մեծ մասը չի էլ ցանկանում աշխատանք գտնել, քանի որ հույս չունի, որ կգտնի»,- նշեց Քալանթարյանը և եզրափակեց, որ 20-29 տարեկան կանայք ավելի պասիվ են աշխատանք փնտրելու առումով, քանզի կանանց մեծ մասը զբաղվում է տնային տնտեսությամբ:



Նման նյութեր