ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորեց քաղաքացիներին հնարավորինս քիչ զանգել Արցախում գտնվող իրենց հարազատներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հովհաննիսյանն ասաց մամուլի ասուլիսին:
«Մենք հասկանում ենք, որ ցանկանում եք տեղեկություն ստանալ, սակայն այդ սովորությունը տվյալ դեպքում մեզ խանգարելու է՝ իրականացնել կառավարման համակարգը, ցանցերը, կապը դառնում են գերբեռնված: Այստեղ կա նաև անվտանգության հարց. երբ փորձում եք կապի դուրս գալ զինծառայողների հետ, դրանով իսկ վտանգում եք նրանց կյանքը»,- նշեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ԱԹՍ-ները, հրետանային հետախուզական միջոցներն օգտվելով հենց այդ կապուղիներից՝ թիրախավորում են զինծառայողներին:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:
Լիլիթ Դեմուրյան