Էրեբունիում այս տարի «ձմեռ չի լինի»
Advertisement 1000 x 90

Էրեբունիում այս տարի «ձմեռ չի լինի»

Երեւանում մեկնարկել է ջրամատակարարման բարելավմանն ուղղված հերթական լայնածավալ ծրագիրը: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական Ներդրումների Բանկի (ԵՆԲ) տրամադրած $7-ական մլն վարկերի և Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային Ծրագրի (ԵՀՆԾ) $7մլն դրամաշնորհի շրջանակներում առաջիկա երկու տարվա ընթացքում մայրաքաղաքի 9 վարչական շրջանների անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում բաշխիչ ցանցն արմատապես կվերակառուցվի: Խոսքը մի քանի տասնյակ հազար ընտանիքների մասին է:

Աշխատանքները պայմանավորված են այնտեղ տասնամյակներ առաջ կառուցված ջրագծերի ֆիզիկական խիստ մաշվածությամբ, ջրի տեխնիկական ու առեւտրային զգալի կորուստներով, անբավարար ճնշմամբ եւ այլ պատճառներով, որոնցով պայմանավորված բաշխիչ ցանցի արդիականացումը վաղուց դարձել էր հրատապ խնդիր: Պարզապես գումար չկար: Եվրամիության աջակցությունը օգնեց լրացնելու այս բացը:

Շինարարության տեխնիկական ու հեղինակային հսկողությունն իրականացնում է միջազգային մրցույթի արդյունքում ընտրված կոնսորցիումը՝ ի դեմս գերմանական «Ֆիխտներ» եւ հայկական «Ջրտուք» ընկերությունների: Նույնպես միջազգային մրցույթով են ընտրվում կապալառու կազմակերպությունները՝ շինարարական ու մատակարար: Երեւանի տարածքը բաժանված է 5 հատվածների, որոնցից 3-ում նոյեմբերին սկսվել են շինարարական աշխատանքները:

Դրանցից մեկը Էրեբունին է, որտեղ կապալառուն՝ «ՇՄՇ-23» ԲԲԸ-ից, «Գավաթ» ՍՊԸ-ից ու «Բիտեկ» ՍՊԸ-ից կազմված կոնսորցիումը կյանքի է կոչում  «Էրեբունի վարչական շրջանում ջրամատակարարման ցանցի վերանորոգում և անհատական տնատիրությունների միացումների փոխարինում» անվանմամբ նախագիծը: Աշխատանքի արժեքը գերազանցում է 2 մլրդ դրամը՝ չհաշված դիտահորերի, փականների, հոսքաչափերի, ջրաչափերի, ճկուն միացումների, ճնշման կարգավորիչների եւ այլն արժեքը, որոնք համաձայն պայմանագրի նրանց տրամադրում է Երեւան Ջուրը: Նախատեսվում է մասնավորապես մոտ 33 կմ երկարությամբ 50-315 մմ տրամագծով ջրագծերի կառուցում բաշխիչ ցանցում, մոտ 45 կմ երկարությամբ 25-32մմ տրամագծով ջրագծերի կառուցում տնային անհատական միացումների համար, 65 հավաքովի կամ ամբողջական հորերի տեղադրում փողոցներում, բնակիչների համար էլ՝ 4900 ջրաչափական հորերի կառուցում:

Առաջին փուլում՝ ներկայումս, նախատեսվում է փոխարինել փողոցային ջրագծերը ու այնտեղ փականային հորեր կառուցել: Աշխատանքները արագ թափով առաջ են ընթանում: Ավելին, Էրեբունիում այս տարի «ձմեռ չի լինի»: Խնդիրն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը հասկանալի պատճառներով դեմ է ձմռանը փողոցային աշխատանքներին: Երթեւեկը չխաթարելու, տրանսպորտի աշխատանքն ու բնակիչների ելումուտը չխոչընդոտելու համար դեկտեմբեր-փետրվարին որպես կանոն դադարեցվում է ջրաշինարարությունը մայրաքաղաքում: Սակայն այս տարի իրավիճակն այլ է: Գործը շատ է ու խիստ կարեւոր, իսկ ժամկետը՝ կարճ: Հարկ է միջազգային վարկը ժամանակին իրացնել: Մյուս կողմից կոնսորցիումին հաջողվել է «փափկացնել քաղաքապետարանի սիրտը»՝ տեխնոլոգիական նորույթի ցուցադրությամբ: Շինարարությունն այստեղ իրականացվում է արտադրական հարահոսի սկզբունքով:

Աշխատանքային շղթան գործում է հետեւյալ կերպ: Տեխնիկան ու մասնագետները շարք են կազմում: Սկզբից գնում են երկու «սղոցներ»՝ կտրելով ասֆալտի եզրաշերտը պահանջվող լայնությամբ, հետեւից եկող էքսկավատորը հարվածահատ մուրճով ջարդում է ասֆալտն ու առաջ շարժվում՝ տեղը զիջելով մեկ ուրիշ էքսկավատորի: Վերջինս փորում է խրամուղին, ու հողը բարձում բեռնատարին: Դե իսկ մնացածը մաքրում-սրբում են այս երթը եզրափակող բանվորներն ու ավտոամբարձիչի օգնությամբ մեքենայի «շալակը տալիս»: Չկան նման դեպքերում աչքի համար սովորական հողակույտեր, փոշի ու աղբ: Ընդհանրապես, ավելորդ ոչինչ չկա փողոցում: Խրամուղին շրջափակված է նախազգուշացնող ժապավենով, իսկ բնակիչների անցուցարձի համար վրան տեղադրված են կամրջակներ: Այնուհետեւ սկսվում է ջրագծի կառուցումը: «Կազմ ու պատրաստ» խրամուղում փռվում է ավազի նախապատրաստական շերտ՝ որպես «պադուշկա», դրա վրա մոնտաժվում է հարեւանությամբ զոդվող պոլիէթիլենային խողովակը, որն այնուհետեւ մինչեւ խրամուղու «պռունկը» ծածկվում է ավազով ու ավազակապիճով: Վերջինս հետո տափանվում է, լիցքը խտացվում եւ փողոցը դառնում է միանգամայն երթեւեկելի:

Չնայած կարճ ժամանակահատվածին, օրինակ, «Գավաթ» ՍՊԸ-ն արդեն ավարտել է ջրագծի կառուցումը 11, 22 եւ 24 փողոցներում: Հերթը 28 փողոցինն է: Տեխնոլոգիական շղթան գործում էր անխափան, բառացիորեն աչքի համար տեսանելի արագությամբ առաջ ընթանում՝ նվազագույնի հասցնելով բնակիչներին պատճառվող անհարմարությունը: Դե իսկ հետո, բարենպաստ եղանակներով պայմանավորված, այստեղ կսկսվի աշխատանքի երկրորդ փուլը: Փողոցի նորակառույց ջրագծից դեպի հարեւան տնատիրություններ կձգվեն անհատական ջրագծեր, բնակիչների համար տան մուտքի մոտ կկառուցվեն ջրաչափական դիտահորեր՝ զտիչով, փականով ու ջրաչափով: Բոլորը Երեւան Ջրի հաշվին: Ավելին, ներտնային ջրագծերի միացումն ու հին ջրագծերի խցափակումը նույնպես կիրականացվի կապալառուի միջոցով՝ փաստորեն բնակիչներին անելու բան չթողնելով: Աշխատանքների ավարտին էլ փողոցը նորից խնամքով կասֆալտապատվի ու կբարեկարգվի: Ասես ոչինչ էլ չի եղել: Իսկ նորակառույց բաշխիչ ցանցն անխափան կծառայի տասնամյակներ շարունակ:

Հանրային կապերի ծառայություն
Երեւան Ջուր ՓԲԸ 



Նման նյութեր