
Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի վարչական տարածքում քարաթափումից մաքրվում է Ճամբարակ-Դպրաբակ միջպետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրի վրա միակողմանի երթևեկելի դարձած ճանապարհը: Ինչպես տեղեկացրեց մաքրման աշխատանքներն իրականացնող «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Արարատ Քոչարյանը, նշյալ ճանապարհահատվածում քարաթափումը տեղի էր ունեցել այս տարվա մայիս ամսի ընթացքում, առատ տեղումների հետևանքով, և շարունակվել հետագա ամիսներին: Ճանապարհաշինարարները ժամանակին մաքրել են քարաթափումները, սակայն հետագա ժայռային փլվածքները կրկին միջպետական նշանակության ճանապարհը դարձրել են միակողմանի երթևեկելի:
Ճանապարհի լիարժեք երթևեկությունն ապահովելու և քարաթափումը մաքրելու համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 17 միլիոն 100 հազար դրամ: Մաքրման վերջին փուլի աշխատանքները սկսվել և ընթանում են դեկտեմբերի սկզբներից: