Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, մեկնաբանելով, թե ինչպիսի լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու համար, նշեց․ «Այս ագրեսիան փակուղի մտցնելու եւ այն վիժեցնելու համար կարեւորագույն քայլերից մեկը կարող է հանդիսանալ այն, որ աշխարհի որեւէ երրորդ պետություն, կապ չունի՝ ինչ չափերի եւ ազդեցության, հայտարարի Արցախի ճանաչման մասին։
Իհարկե, այս պատերազմում հայ զինվորի կամքն ու սխրանքը անմահ է ու այն հավիտյան ոսկե տառերով կգրվի հայ ազգի պատմության մեջ, սակայն պետք է հասկանալ, որ պատերազմները կանգնեցվում են ոչ միայն առաջնագծում։ Այդ ճանաչումը կստեղծի բացարձակ նոր իրավիճակ եւ ընդունակ է հենց Ադրբեջանում ստեղծելու բազմաթիվ հարցեր ու խնդիրներ։ Թուրքիայի դրդմամբ լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսած Ադրբեջանում բազմաթիվ զոհեր տվող եւ զրկանքներ կրող շարքային քաղաքացիները ու քաղաքականացված խմբերը կտեսնեն, որ ագրեսիան ընդամենը հանգեցրեց, նպաստեց ճանաչմանը եւ արդյոք այդ ագրեսիայի շարունակությունը չի՞ բերի ճանաչումների շղթայական ռեակցիայի։ Եվ կհնչեն հարցադրումներ, որ գուցե ճանաչումների շղթայական ռեակցիայից խուսափելու միջոցը ռազմական գործողությունները դադարեցնելը ու բանակցությունների սեղանին վերադառնալն է։
Հայության արտաքին ողջ ռեսուրսները այս պահին պետք է ուղղվեն այս խնդրի լուծմանը։ Հաստատապես հնարավոր է գտնել մեկ փոքրիկ, քիփլիկ խաղաղասեր պետություն, որը կցանկանա մտնել պատմության մեջ որպես այս տարածաշրջանում ընթացող պատերազմը դադարեցնող գործոն»։