Քննարկվեց Արցախի կարգավիճակի վերաբերյալ հանրային լսումներ նախապատրաստելու հարցը
Advertisement 1000 x 90

Քննարկվեց Արցախի կարգավիճակի վերաբերյալ հանրային լսումներ նախապատրաստելու հարցը

Այսօր երեկոյան Հանրային խորհրդում գումարվեց արդեն իսկ ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը կոչված է հավաքագրել, մշակել ու համակարգել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի օրերին հնարավոր բոլոր ուղղություններով ու ոլորտներից ստացվող ռազմավարական նշանակության տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում դրանք փոխանցել պատկան մարմիններին, ինչպես նաև՝ վեր հանել Արցախյան հիմնախնդրի զարգացման հնարավոր տարբերակների շուրջ հանրային կարծիքը:

Տեղեկացնենք, որ օպերատիվ շտաբի 5 անդամներ պատերազմի առաջնագծում են հենց առաջին իսկ օրերից և կապի մեջ են ՀԽ նախագահի ու օպերատիվ շտաբի հետ:

Ընթացիկ վիճակի շուրջ զեկուցումներից և ելույթներից հետո Հանրային խորհուրդը քննարկեց Արցախի հետագա կարգավիճակի վերաբերյալ հանրային լսումներ նախապատրաստելու հարցը: Հնչեցին կարծիքներ այն մասին, որ տասնամյակների ընթացքում միջազգային ընկալումը կոնֆլիկտի վերաբերյալ պարբերաբար հեռանում է պատմական բովանդակությունից՝ ստեղծելով այն միայն տարածքային խնդիր դիտարկելու վտանգներ:

Հանրային խորհուրդը նաև հանձն է առել հանրային երկխոսությունը արցախյան հարցի շուրջ դուրս բերել հայկական միջավայրից, մասնավորապես՝ հաղորդագրություններ ուղղելով միջազգային հանրությանը՝ հիմնախնդրի պատմական ասպեկտները ճանաչելի դարձնելու ու ցանկացած բնույթի արձագանքի հիմքում միայն անկանխակալ մեկնաբանված փաստարկներ տրամադրելու նպատակներով: Խորհրդի անդամներն այս համատեքստում կիսվեցին նաև սեփական փորձով՝ հավաստելով, որ այսպիսի տեղեկատվական հոսքերն իրենց դրական արդյունքն են թողնում անգամ հակառակորդ երկրների հանրությունների շրջանում:

Եթե առաջնագծում ընթացիկ ու փոփոխվող իրավիճակը այլ արտահերթ հանդիպման անհրաժեշտություն չթելադրի, երեքշաբթի օրը օպերատիվ շտաբը կկայացնի վերջնական որոշումներ Արցախի կարգավիճակի շուրջ հանրային քննարկումների շարքի և անդրանիկ քննարկման օրակարգի ու կազմի վերաբերյալ: Հարցը առավել հրատապություն է ձեռք բերել ոչ միայն առկա զարգացումների արդյունքում, այլ նաև միջազգային հանրությանն ուղղված պաշտոնական Ստեփանակերտի՝ Արցախի կարգավիճակի ճանաչման կոչի և ՀՀ վարչապետի հայտարարությունների համատեքստում:

Քննարկվեց Արցախի կարգավիճակի վերաբերյալ հանրային լսումներ նախապատրաստելու հարցը_____________________Այսօր երեկոյան…

Gepostet von ՀՀ Հանրային խորհուրդ/ Public Council of RA am Samstag, 3. Oktober 2020