Հայ ժողովրդի համար այս բարդ ժամանակներում արտասահմանում բնակվող շատ հայտնի, աշխարհահռչակ արվեստագետներ, իրենց աջակցություն են հայտնում Արցախին ու Հայաստանին։ Ընդ որում, աջակցություն են հայտնում ոչ միայն մեր հայրենակիցները։
Հանրաճանաչ ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին սեր է խոստովանել եւ աջակցել է Հայաստանին, հայ ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանի համար այս ծանր օրերին ամբողջ սրտով իր հայ ընկերների կողքին է:
Այս մասին երաժիշտը գրել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում:
«Երկար տարիներ, հաճախ լինելով Հայաստանում, ես ձեռք եմ բերել եւ միշտ շրջապատված եմ եղել բազմաթիվ հայ ընկերներով: Սիրահարված լինելով այդ արեւոտ երկրին, նրա հրաշալի, ջերմ ժողովրդին, հնագույն պատմությանը, ես միշտ աշխատել եմ հնարավորությունների սահմաններում, իմ լուման ներդնել եւ աջակցել այդ հնագույն երկրի պատմության եւ մշակույթի ճանաչմանն ու տարածմանը, աշխարհին ներկայացնելով արվեստի հայ հրաշալի ներկայացուցիչներին ինչպես օրինակ՝ կոմպոզիտոր Գագիկ Հովունցին: Հայաստանի հնագույն մշակույթի հիմնական խորհրդանիշներից է հանդիսանում նաև ՆՈՒՌԸ՝ «Նռան գույնը’», միրգը եւ ոչ թե զենքը՝ նռնակը․․․ Այսօր, Հայաստանի համար այս ծանր օրերին, ես ամբողջ սրտով Ձեզ հետ եմ՝ իմ սիրելի ՀԱՅ ԸՆԿԵՐՆԵՐ․․․»։