24 տարի է անցել Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Թե ինչպիսին են եղել դրա հետևանքները` ավելորդ է ասել, բազմիցս ասվել է ամեն ինչ: Պարզապես հենց 1988-ի դեկտեմբերի 7-ից սկսած, ծավալվեցին խոսակցություններ, որ երկրաշարժը արհեստական բնույթ ուներ: Պաշտոնատար անձինք և որոշ գիտնականներ դա հերքում էին կատաղի ձևով, բայց… Փաստերը համառ բան են:
Կովկասի տարածքում ԽՍՀՄ-ը 1980-ականներին իրականացնում էր երկրաֆիզիկական զենքի մշակման և փորձարկման աշխատանքներ: Ահա այն 02.01.1986թ նամակը, որով Բաքվի Երկրաբանական ինստիտուտի տնօրեն, ԳԱ թղթակից-անդամ Լ. Ալիզադեն և Մոսկվայի թիվ 08340-10 զորամասի հրամանատարը ստացան գիտատեխնիկական առաջադրանք` մշակելու երկրաֆիզիկական զենք, ծրագիրը կոչվում էր «Մերկուրի-18»:
Ի դեպ, 1991-ի ամռանը Բաքվում տեղի էր ունեցել արհեստածին երկրաշարժերին նվիրված միջազգային գիտաժողով, ուր ԳԱ թղթակից-անդամ Ալեքսեյ Նիկոլաևը տվյալներ ներկայացրեց, որ Մեքսիկայում, Պերուում, Չիլիում, Իրանում և այլուր մի շարք երկրաշարժեր ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, Չինաստանի և Ֆրանսիայի կողմից անցկացված միջուկային զենքի փորձարկումների հետևանք են:
Իսկ «Մերկուրի-18» ծրագրի հիմքն է պրոֆեսսոր Իքրամ Քերիմովի 1979թ գյուտը: Նրա ղեկավարած ազերի գիտնականների խումբը հետազոտություն էր անցկացրել, թե ինչպես հզոր պայթյունների միջոցով (այսպես կոչված «թույլ սեյսմիկ ալիքներով») ընդերքի վիթխարի էներգիայի վերաբաշխում և ուղղորդում իրագործել: Եվ այսպես, ներկայացնենք մեր հակահերոսին.
ՔԵՐԻՄՈՎ ԻՔՐԱՄ ՀԱՋԻ-ՕՂԼԻ. Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի ԳԱ նախագահությանն առընթեր սեյսմոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն: Համարվում է սեյսմիկ զենքի գյուտարար: 1992-ին Հարավ-Աֆրիկյան հանրապետության և Իսրայելի համապատասխան ծառայությունները հավաքագրում են նրա գիտական խմբի որոշ անդամների: 1995-ին նա դիմել էր Ադրբեջանի ազգային անվտանգության մարմիններին` հայտնելով, որ իր գրասենյակում անհայտ անձինք կողոպուտ-խուզարկություն էին անցկացրել` գողանալով փաստաթղթային և համակարգչային բոլոր արխիվները գերգաղտնի տեղեկություններով հանդերձ:
Անշուշտ, Քերիմովի ունեցածը գաղտնի փաստաթղթերի մի մասն է ընդամենը, քանզի «Մերկուրի-18»-ի վրա աշխատում էին ԽՍՀՄ 22 խոշոր գիտական կենտրոններ, և Բաքվի երկրաբանական ինստիտուտը դրանցից միայն մեկն էր: Կովկասի տարածքում, ի դեպ, նույն ծրագրի շրջանակներում Աբխազիայում աշխատում էր Էշերիի գաղտնի լաբորատորիան:
Սակայն կրկին վերադառնանք 1980-ականների երկրորդ կեսին: 1987թ նոյեմբերի 30-ին ընդունվեց ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի թիվ 1384-345 որոշումը, որով էլ Միխայիլ Գորբաչովի վարչախումբը լայն հանձնարարականներ տվեց սեյսմիկ զենքի ստեղծման ուղղությամբ: Քերիմովի հիմնարկը գլխամասային էր, և Քերիմովի խումբը 1988-ի կեսերին արեց առաջին դաշտային փորձարկումները Ղրղզստանի Բատկեն քաղաքից 50կմ հեռավորություն ունեցող փորձակայանում, դրանց արդյունքները համարվեցին բավարար: ԽՍՀՄ ՊՆ-ի համակարգողները գլխավոր ռազմական սեյսմոլոգ, ՊԱԿ-ի գեներալ Վ. Բոչարովի գլխավորությամբ պահանջում էին մինչև 1990-ն արդեն ստեղծել «սեյսմիկ ռումբ», սակայն կարծես թե հատկապես Սպիտակի աղետը ցույց տվեց, որ պայթյունների միջոցով ընդերքի էներգիան ազատելու տեխնոլոգիան երկրաշարժի առաջացման վայրի տեսակետից այնքան էլ կանխատեսելի արդյունք չի տալիս:
Իսկ հիմա որոշ իրադարձություններ, որոնք նախորդել էին Սպիտակի երկրաշարժին:
Նախ` զարմանալի շտապողականությամբ 1988-ի օգոստոսից նոյեմբերի վերջ էվակուացվում են Հայաստանի գործնականում բոլոր ադրբեջանցիները, թեև նրանց նկատմամբ բռնարարքներ եղել էին միայն Լոռու մարզում:
ԽՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շևադնաձեն 1988-ի դեկտեմբերին, գտնվելով Նյու-Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր. «Մենք չէինք սպասում, որ երկրաշարժի հետևանքներն այդքան աղետալի կլինեն»:
1988-ի ամռանը և աշնանը Հայաստան էր եկել ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ. Յազովը, և օգոստոսին Սպիտակի և Վանաձորի շրջակայքից հապճեպ դուրս էին բերվել ինչպես ռազմական տեխնիկայի մեծ մասը, այնպես էլ սպայական կազմի ընտանիքները: Սեպտեմբերին Հայաստան եկավ ԽՍՀՄ փոխվարչապետ Շչերբինան, որը համարվում էր ռազմական տեխնոլոգիաների և միջուկային սպառազինության փորձարկումների համակարգող: Հոկտեմբերի 4-ին կրկին ժամանեց Յազովը` անձամբ ղեկավարելու Հայաստանի հյուսիսում ռազմական տեխնիկայի տարհանումը և այլ աշխատանքները: Նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին Գյումրիից դուրս են բերվել զինծառայողների ընտանիքները և տեղափոխվել Ռուսաստան: Նոյեմբերի վերջին Հրազդանից մի հեռախոսավարուհի պատահմամբ լսել էր սովետական գեներալի խոսակցությունը կնոջ հետ. «Առայժմ մնում եմ, կժամանեմ փորձարկումների ավարտից հետո»:
1988-ի դեկտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին Սպիտակ-Վանաձոր հատվածում եղել են հզոր պայթյուններ, որոնք հարուցել էին բնակիչների վախը: Դեկտեմբերի 7-ին ժամը 10:30-ի սահմաններում Արփա գետի աջ ափին աշխատող թուրք բանվորները շտապ լքեցին աշխատավայրը և հեռացան: Սպիտակից ոչ հեռու գտնվող ռազմափորձարանից ժամը 11-ին դուրս եկավ զինվոր և կաղամբ հավաքող գյուղացիներին կարգադրեց. «Շտապ հեռացեք, հիմա փորձարկումներ են սկսվելու»: Երկրաշարժը եղավ 11:45-ին…
Ահա մի վկայություն այդ ժամանակ Ստեփանավանից ոչ հեռու ԽՍՀՄ բանակում ծառայած ազգությամբ հայ Ա.-ի. «Մեզ տարել էին Սպիտակի շրջան: Այդտեղ մի պարսպված մեծ տարածք կար, ուր 10 մետր իրարից հետո շարված էին կրպակներ: Բեռնատարներով բերեցին 80 և 100 կիլոգրամանոց արկեր: Մեզ կարգադրեցին դրանք շարել կրպակների մեջ, ամեն կրպակում` մոտ 50-60 հատ, բոլոր մարտագլխիկները` նույն ուղղությամբ»: Ուշագրավ է, որ երկրաշարժից թերևս հենց այդ տեղանքում գետինը հավասարաչափ իջել էր մոտ 4 մետրով, ու այդ հսկայական փոսն անմիջապես շրջապատել էին զինվորները, և թույլ չէին տալիս մոտիկ գալ ու առավել ևս լուսանկարել:
Իսկ դեկտեմբերի 15-ին, անհայտ հանգամանքներում, վայրէջք կատարելիս աղետի ենթարկվեց Գյումրիից Բաքու երկրաֆիզիկոսների խումբ տեղափոխող ռազմատրանսպո օդանավը…
Ի դեպ, երկրաֆիզիկական զենքի սպիտակյան փորձարկման վկայություն կա և գրականությունում (“Тайна операции, “Меркурий”, Изд. “Вече”, Москва, 2004 г. “ Сто великих загадок ХХ века”, стр. 434). Այդտեղ, մասնավորապես, նշված է, որ Սպիտակի երկրաշարժից հետո եղավ առաջատար ռազմական սեյսմոլոգների պաշտոնանկությունների շարան:
Ի դեպ, ադրբեջանական մամուլում էլ վկայություններ կան, որ 1988-ի դեկտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին ուժեղ պայթյուններ են եղել և Նախիջևանի երկրամասում` Արաքսի ափին: Հետաքրքիր է, ո՞ր հաշվարկներում սխալվելու համար թռան ռազմական սեյսմոլոգների գլուխները, իսկ նրանց մի մասին էլ մեռցրին ավիավթարում: Անմարդաբնակ վայրո՞ւմ պետք է լիներ ձեռակերտ երկրաշարժի էպիկենտրոնը… Թե՞, հաշվի առնելով, որ պայթյունները համաժամանակյա եղել են Հայաստանի հյուսիսում և Նախիջևանում, թիրախ էր ընտրված դրանց միջև ընկած Արարատյան դաշտավայրը` Երևանով հանդերձ… Վաղ թե ուշ, երբ փաստաթղթերը գաղտնազերծվեն, կստանանք այդ հարցերի պատասխանները, ինչպես նաև հայտնի կլինեն մեր ժողովրդի դեմ իրագործած այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մասնակիցները: Հուսանք, որ այդ ժամանակ ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը դեռ ողջ կլինի ու նրան հնարավոր կլինի կանգնեցնել դատարանի առաջ:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Դեկտեմբեր 09, 2012