Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը շտապօգնության աշխատակիցներին պարտադրում է հեռավոր գյուղերից ստացված կանչերը մերժել. այս մասին ահազանգում է մոտ 35 տարի Թալինի բժշկական կենտրոնում աշխատած մանկաբույժ, շտապօգնության բժշկուհի Կարինե Կուռոյանը, որը վերջերս աշխատանքից ազատման դիմում է գրել: Բժշկական կենտրոնի նախկին աշխատակիցը Arararnews.am-ին պատմում է արդեն ավելի քան 4 տարի հիվանդանոցի տնօրեն նշանակված Արմեն Խաչատրյանի՝ հիվանդանոցում կատարած բազմաթիվ ապօրինությունների մասին:
Ձեզ ենք ներկայացնում Կարինե Կուռոյանի հետ մեր զրույցից մի հատված, որտեղ բժշկուհին անդրադառնում է, իր պնդմամբ, «խայտառակ վիճակում գտնվող» շտապօգնության ծառայությանը:
Կուռոյանը տեղեկացրեց, որ Թալինի ԲԿ-ի շտապօգնության ծառայությունը նախատեսված է ամբողջ տարածաշրջանի համար է՝ 41 համայնք: Նրա խոսքով՝ մինչև Արմեն Խաչատրյանի՝ հիվանդանոցի տնօրեն նշանակվելը շտապօգնության կանչերը սպասարկելու հետ կապված խնդիր չեն ունեցել:
«Որևէ գլխավոր բժիշկ չի ասել. իմացեք` դա իրակա՞ն կանչ է, թե՞ չէ, հետո գնացեք: Հեռախոսով ո՞նց կարող ենք այդպիսի բան իմանալ»,- հայտարարում է հիվանդանոցի շտապօգնության նախկին բժշկուհին:
Կպարզաբանե՞ք՝ ի՞նչ է նշանակում. հիվանդանոցի տնօրենը պարտադրում է մերժել կանչերը:
Դե հա, ասում է՝ բենզին չկա, մեքենաս կջարդվի էդ ճանապարհները գնալու համար և այլն…
Եթե կանչ էր լինում, ի՞նչ էիք պատասխանում:
Ասում էինք՝ չենք կարա, գլխավոր բժշկի համարն էինք տալիս, ինքն էլ ասում էր՝ ինչի՞ եք տալիս, մի տվեք, թող տաքսի ուղարկեն, գնացեք կանչի: Կամ պետք է կեսգիշերին զանգենք իրեն (Արմեն Խաչատրյանի մասին է խոսքը-խմբ.), ասենք՝ էսինչ գյուղը կանչ կա, թույլ կտա՞ք գնալ, թե՞ չէ:
Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ տաքսիով եք գնացել:
Այո´, իհարկե եղել է: Սորիկ գյուղում (Սորիկը եզդիաբնակ գյուղ է) գյուղապետի կինը երկար ժամանակ ծանր հիվանդ էր, և հաճախակի էր կանչ լինում:
Հերթական կանչն իմ հերթապահության ժամանակ եղավ, տաքսիով գնացինք, փողն էլ այդ մարդիկ էին տվել, բայց մինչև հասանք՝ այդ կինը մահացել էր:
Նման մի դեպք էլ գրանցվել է Մաստարայի վերևը գտնվող մի գյուղում: Էդ գյուղից էս տարվա ամռանը թե գարնանը` չեմ հիշում, կանչ եղավ, գոռում-ճչում են՝ շուտ եկեք, չթողեց՝ գնան (խոսքը հիվանդանոցի տնօրեն Արմեմ Խաչտրյանի մասին է-խմբ.): Չթողեց մինչև «չերեզ-չերեզ» իրեն զանգեցին, բժիշկը գնաց, հիվանդն արդեն մահացած էր եղել: Հարցն էն չի` բժիշկն էլ գնար, կարող է և մահանար, բայց բուժքույրն ու բժիշկը դուրս են եկել, էդ պահին հանկարծակի մահացածի տղեն դանակը վերցրել ա՝ հարձակվի բժշկի վրա, բուժքույրը նկատել ա, ասել ա՝ վայ, ինչ ես անում, հետևից հարազատները տղային պահել են:
Մահացածի մոտ ի՞նչ խնդիր է եղել:
Եթե չեմ սխալվում` ինֆարկտ էր, գուցե բժիշկն էլ հասներ՝ չփրկվեր, բայց տղան սպանում էր բժշկին: Գյուղերում մարդիկ մեզ ճանաչում են, գիտեն՝ որոնք են ուշացումների պատճառները, բայց մեկ ա, ահուդողով ենք գնում, վախով, որ կարող է ուշացման համար հարձակվեն մեզ վրա:
Ամբողջությամբ՝ araratnews.am