Վերջին օրերին դեպի Արցախ՝ պատերազմին մասնակցելու մեկնող տղաների շարքերում եղան նաև աղջիկներ: Նրանցից մեկն էլ 28-ամյա Անին է, ում լուսանկարները տարածվեցին համացանցում: 168.am–ը զրուցել է Անիի մայրիկի՝ տիկին Մարգարիտայի հետ, նա հպարտությամբ նշեց, որ աղջիկն այս պահին պատերազմի դաշտում կռվում է թշնամու դեմ:
«Անին սիրում է զինվորականի մասնագիտությունը: Դպրոցն ավարտելուց հետո Թալինում ընդուվել էր ուսումնարան՝ քույրական բաժին, իսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ նրա հորեղբոր տղան՝ Ռաֆիկ Հակոբյանը, զոհվեց, Անին որոշեց, որ հաստատ գնալու է ճակատ ու եղբոր վրեժը լուծի, և այդպես էլ արեց»,- պատմեց տիկին Մարգարիտան:
Անիի մայրիկի խոսքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո Անին աշխատանքի անցավ ՀՀ Զինված ուժերում.
«Գնացել է եղբոր կիսատ գործն ավարտելու, վրեժը լուծելու: Հետո այդ ոգին Անիի մեջ մանկուց կա, քանի որ իր հայրն էլ է կռվել 1990-ական թվականներին: Ճիշտն ասած՝ չէինք ուզում, որ զինվորական դառնա, դե, աղջիկ է, բայց ինքը պնդեց: Իրենց մեջ կա այդ հայրենասիրությունը: Շուտով 1 տարին կլրանա, որ Անիս ամուսնացել է, ամուսինն էլ է զինվորական, զորամասում են ծանոթացել, սիրահարվել ու որոշեցին ամուսնանալ: Այս պահին ամուսիններով սահմանում կռիվ են տալիս, ճիշտ է, տարբեր ուղղություններում են, բայց նպատակը մեկն է՝ հաղթել»:
Տիկին Մարգարիտայի խոսքով՝ Անին տան ավագ երեխան է, իրենից փոքր 5 եղբայր և 2 քույր ունի, փոքր քույրը 6 տարեկան է: Ասաց՝ չնայած նրան, որ աղջիկը զինվորականի մասնագիտությունն է ընտրել, խոհանոցում ևս փայլում է, շատ լավ խմորեղեն է պատրաստում.
«Անիս խոհանոցում էլ է լավ, սիրում է, որ ամեն ինչ տնական է պատրաստվում, որ տուն է գալիս՝ համեղ խմորեղեն, տորթեր է պատրաստում»:
Մարգարիտան հիշում է, որ աղջիկը պատերազմի դաշտ մեկնելուց առաջ խոսք է տվել որ հաղթանակած վերադառնալու է.
«Սեպտեմբերի 25-ին էր դիրքերից իջել, 27-ի առավոտյան զանգեց, ասաց՝ մամ, գնում եմ Արցախ, լավ մնացեք, հաղթելու ենք ու վերադառնանք: Վստահ ենք, որ հաղթանակած վերադառնալու է: Բոլոր մայրերին համբերություն, հաղթելու են ու վերադառնալու են, բարի ծառայություն բոլորին»:
Նարեկ Խաչատրյան