Քաջարան համայնքից, 2000 թվականին ծնված Վահե Միրզոյանը երեք ամսից տուն էր վերադառնալու, ծառայության ավարտից հետո պետք է սկսեր իրականացնել նպատակները, սակայն թշնամու դեմ՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց զոհվածի քույը՝ Նվարդ Միրզոյանը:
«Երեք ամիս հետո ծառայությունը վերջացնելու էր, գար, անընդհատ օրերը, ժամերը հաշվում էինք: Անընդհատ ասում էր, որ լավ է լինելու, շատ լուսավոր, պայծառ տղա էր, միշտ ժպիտը դեմքին»,-ասաց նա և նշեց, որ զոհվածը երկու քույր և երկու եղբայր ունի:
Նվարդ Միրզոյանն ասաց, որ դեպքի մասին մանրամասներ իրենց չեն հայտնել, իսկ եղբոր հետ վերջին անգամ խոսել են պատերազմը սկսելուց երկու- երեք օր առաջ: «Իմացանք, որ սեպտեմբերի 28-ի զոհված զինծառայողների անունների ցանկում նրա անունը կա, հետո սկսեցինք որոնել դին, սակայն խոսակցություններ էին հասնում, որ դեռ Արցախից չեն տեղափոխել: Սյունիքի դիահերձարաններում չգտանք նրան, հետո սկսեցինք որոնել Երևանում, մտածում էինք, որ հրաշքով ողջ է, պարզապես վիրավոր է: Մահվան յոթերորդ օրը գտանք նրան՝ Մասիսի դիահերձարանում էր»,-պատմեց նա:
Քույրը պատմեց, որ եղբայրը մեծ նպատակներ ուներ, ասում էր, որ ծառայությունից վերադառնալուց հետո պետք է գա, բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորի, մեքենա գնի ու վերանորոգի տունը. «Բոլոր նպատակները կիսատ մնացին»: Քույրը պատմեց, որ Վահե Միրզոյանը շատ հոգատար էր, բոլորն ասում էին՝ ոսկի տղա է: «Հայրս էլ Արցախյան պատերազմի ժամանակ է վիրավորվել և երկրորդ կարգի հաշմանդամ է»,- հավելեց զոհված զինծառայողի քույրը: