ՀՀ Գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության և Իրանի գործընկերներին է փոխանցել քրեական գործերով հաստատված ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանի Զինված ուժերում առկա են վարձկաններ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը:
«Դատախազությունը ակտիվ համագործակցում է օտարերկրյա գործընկերների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության ու Իրանի հետ: Նրանց փոխանցել ենք մեր ձեռքի տակ առկա, հաստատված ապացույցներն ու կարելի է ասել ամենօրյա աշխատանքի գրաֆիկով փորձում ենք հնարավորինս անել, որպեսզի քրեական գործերով արդեն իսկ հաստատված այն հանգամանքով, որ վարձկաններ կան Ադրբեջանի զինված ուժերի կազմում, համապատասխան միջոցառումներ իրականացվեն նրանց ներթափանցումը կանխարգելելու, նրանց անձը պարզելու, ինքնությունը հաստատելու, հայտնաբերելու և այլ ուղղություններով»,- ասաց Հարությունյանը:
Վահե Հարությունյանը նշեց, որ արդեն իսկ շուրջ երկու տասնյակից ավելի քրեական գործեր են հարուցվել ինչպես Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, այնպես էլ այլ հանցագործությունների վերաբերյալ:
«Արդեն փաստերը հաստատագրված են, իրականացվում են համապատասխան միջոցառումներ դրանց իրավական գնահատականը լիարժեք տալու, ինչպես նաև հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին հետամուտ լինելու նպատակով»,- նշեց ՀՀ Զինվորական դատախազը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:
Նորայր Շողիկյան