Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Թաթոյանի խոսքով՝ միջազգային կառույցները ողջ եղելությունը պետք է արձանագրեն ֆիզիկապես լինելով Արցախում, պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն:
«Ժամանակն է ապացուցելու, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվող՝ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է ու պատրանք, այլ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք: Ժամանակն է ապացուցելու, որ երեխայի երջանիկ մանկության իրավունքը, իր երեխային խաղաղ երկնքի տակ դաստիարակելու մոր իրավունքը կամ կյանքն արժանապատիվ վայելելու տատիկ-պապիկների իրավունքը դեռ որևէ մեկը չի վերացրել. որևէ քաղաքական պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա և վերջ»,- ասված է Արման Թաթոյանի հայտարարության մեջ: